Սովորաբար, երբ մոտենում է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ը, Հայաստանում ու Սփյուռքում ակտիվանում են խոսակցություններն ու քննարկումներն այն մասին, թե ԱՄՆ նախագահն, անկախ նրա ով լինելուց, կարտաբերի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Կողքից դիտողի համար կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե աշխարհի վերջն է, ու եթե այս անգամ էլ այդ բառը չհնչի, ուրեմն՝ վերջ:
Իրականում, սակայն, սա թյուրընկալման արդյունք է. Ամերիկայի առանձին վերցրած նահանգների կողմից պատմական փաստի ճանաչումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը թափ հաղորդելու տեսանկյունից, քան նույն ԱՄՆ նախագահի արտաբերած համապատսխան բառը: Այս իմաստով՝ հատկապես կարևոր է ԱՄՆ Վայոմինգ նահանգի կողմից ցեղասպանության ճանաչման իրողությունը. հայտնի է դարձել, որ ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդը նամակ է հղել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, որտեղ հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ու բարձր է գնահատել ամերիկահայերի ջանքերը: Այսպիսով, Վայոմինգն ԱՄՆ-ի 45-րդ նահանգն է, որը ճանաչում է Ցեղասպանությունը:
Շատերն են հիմա անհանգստացած այն հարցով, թե նույն Դոնալդ Թրամփն իր ապրիլքսանչորսյան ուղերձում կարտաբերի՞ արդյոք «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Անկասկած է, սակայն, որ եթե կարողանանք առաջիկա տարիներին ԱՄՆ-ի նահանգներում հաջողություն գրանցել հարցի հետ կապված, մի օր ԱՄՆ նախագահն ուղղակի այլընտրանք չի ունենալու, քան հաստատելու կատարված փաստը: Մեզ մնում է միայն հզորացնել ԱՄՆ-ում հայկական լոբբին. մնացածն իրենք՝ ամերիկացիները կանեն:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ