Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ողջ գործընթացը, որն արդեն երկար տասնամյակներ է, ինչ ընթանում է ողջ աշխարհում, ու որը նոր փուլ մտավ հատկապես 91-ից հետո, ընդամենը միտված է մեկ բանի` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ընդունմանը: Անկասկած է` թեկուզ ողջ մոլորակն էլ միաբերան խոստովանի պատմական այդ փաստը, դա չի ունենալու արժեք, քանի դեռ թուրքերն իրենք չեն ճանաչել այն ու, ամենակարևորը, չեն փոխհատուցել այն նյութական ու բարոյական վնասի դիմաց, որ հասցրել են նրանց պապերը հայությանը:

Այս իմաստով չափազանց կարևոր է հասկանալ այն խորքային պրոցեսները, որոնք ընթանում են նախևառաջ թուրքական հասարակության ներսում. որքան ազատական լինի Թուրքիան, որքան բաց լինի նրա հասարակությունն, այնքան շատ ավելի հեշտ կլինի նույն թուրքական հասարակության կողմից փաստի ընդունումն ու ինքնամաքրվելը: Դատելով, սակայն, վերջին տարիների քաղաքական տենդենցներից ու ռադիկալ աշխարհայացքի հաղթարշավից, որ տեղի է ունենում Թուրքիայի ներսում, դեռևս երկար տասնամյակներ են պահանջվելու, որպեսզի թուրքական հասարակությունն ասենք նույն գերմանական հասարակության նմանությամբ իր մեջ գտնի քաջություն ու ինքնամաքրման ճանապարհը բռնի. Էրդողանն անում է ամեն ինչ` իր ժողովրդի շրջանում գազանային բարքերի տարածման, արմատականացման համար: Ցեղասպանության ճանաչումն, ի դեպ, մեծապես բխում է նաև հենց թուրքական պետության շահերից. ճանաչումն այդ երկրին թույլ կտար ձերբազատվել այն ճնշումներից, որ աշխարհի հզորներն, օգտագործելով Ցեղասպանության թեման, բանեցնում են իր դեմ: Ցեղասպանության շուտափույթ ճանաչումը նախևառաջ հենց Թուրքիայի շահերից է բխում:

Ի՞նչ ունենք այսօր մենք: Ակնհայտ է, որ Թուրքիան հետզհետե է՛լ ավելի անկանխատեսելի ու ագրեսիվ է դառնալու, վերածվելու է միջնադարյան սուլթանության, ինչն ուղղակիորեն հարվածի տակ է դնելու նաև տեղի փոքրաթիվ հայությանը: Հաշվի առնելով այս իրողությունը` պետք է հասկանալ, որ տեղի հայության հնարավորությունները` հասնելու պատմական արդարության, ոչ միայն զրոյացվելու են, այլև նույնիսկ տաբուի տակ է հայտնվելու Ցեղասպանության մասին ցանկացած քննարկում ու խոսակցություն:

Հետևաբար` այսօր թիվ մեկ գերխնդիրը, որ կանգնած է տաճկահայերի առջև, գոյատևման հարցի լուծումն է, իշխանությունների հետ լեզու գտնելն ու հարմարվելը. իրավիճակը չափազանց զգայուն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ