ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասին.

Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ուղղված պետական մարմինների հետ հարաբերություններում, այդ թվում՝ քրեական դատավարության տիրույթում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, միևնույն ժամանակ գիտակցելով, որ խախտման կոնկրետ փաստերի վերհանումն ու բարձրաձայնումը դրանց վերացմանն ու ապագայում նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված գործուն միջոց է, այնուամենայնիվ, «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած մի շարք դատողություններ և որակումներ զուրկ են իրավական հիմնավորումից, հիմնված են դեպքերի և իրադարձությունների միակողմանի գնահատման վրա, իսկ տվյալ իրադարձությունների վերաբերյալ իրականացվող քննության վերաբերյալ եզրահանգումները չեն բխում քննությամբ հաստատված հանգամանքներից և, հաշվի առնելով դեռևս ընթացող քննությունը, առնվազն, վաղաժամ են։

ՀՀ գլխավոր դատախազությունը, պահպանելով հուլիսյան իրադարձությունների մասնակիցների անմեղության կանխավարկածը, ինչպես նաև հաշվի առնելով նախաքննության շահերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է համարում անդրադառնալ արտահերթ զեկույցում տեղ գտած որոշ գնահատականների՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ տրված միակողմանի գնահատականներին հակադրելով իրականության օբյեկտիվ նկարագիրը։

Նախ, ամբողջ զեկույցում պաշտպանի կողմից մարդու իրավունքների խախտման տարբեր դրսևորումների վերաբերյալ արվող վերլուծությունների և դատողությունների հիմքում ընկած է հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքների (սահմանափակ բացառությամբ) խաղաղ բնույթ ունենալու մասին ոչնչով չհիմնավորված գնահատականը, առանց կազմակերպված հավաքների, երթերի և դրան նախորդած՝ զինված խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդի գրավման միջև պատճառական կապի վերհանման և առանց հաշվի առնելու հավաքի մասնակիցների՝ իրենց իսկ կողմից բարձրաձայնված նպատակները։

Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը։

Զերծ մնալով ողջ իրականության կրկնակի նկարագրությունից, ինչը քաջ հայտնի է մայրաքաղաքում այդ օրերին գտնված ցանկացած անձի, ՄԻՊ դիրքորոշումների սին լինելը հավաստենք միայն խիստ մասնագիտական հետևյալ պարզագույն փաստարկներով.

1. Քրեական վարույթների ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերը նշված ժամանակահատվածում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար, ՄԻՊ կողմից «խաղաղ» գնահատված միջոցառումների 23 մասնակիցների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նշված անձանցից 12-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Ընդ որում, մեղադրյալներից 11-ը, համաձայնելով առաջադրված մեղադրանքի հետ, միջնորդել են կիրառել դատական քննության արագացված կարգ:

2. Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա զանգվածային միջոցառումների մասնակցած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը խոչընդոտելու և այլ եղանակներով հանցագործությունների կատարմանն օժանդակելու, ինչպես նաև պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինյալներին միանալուն և նրանց գործողությունները համատեղ շարունակելուն անմիջականորեն ուղղված գործողություններ կատարելու համար:

Իրավապահ մարմինների տրամադրության տակ եղած տվյալների մասին մակերեսային և ոչ ամբողջական տեղեկություններ ունենալու պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում գնահատականներ են տրվել ոչ միայն կազմակերպված հավաքների, երթերի բնույթին, դրանց մասնակիցների նպատակներին, այլ նաև նշված միջացառումների ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցներին և դրանց իրավաչափությանը:

Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին, ապա կազմակերպված խմբի կողմից Երևանի Մ․ Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շինությունները զավթելուց հետո՝ հուլիսի 29-ից 30-նն ընկած ժամանակահատվածում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով ի սկզբանե դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր, որոնցով Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 8 անձանց, որոնցից 5-ն արդեն իսկ մեղավոր են ճանաչվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և դատապարտվել ընդհուպ ազատազրկման, 2-ի մասով գործը գտնվում է դատական, իսկ 1-ի մասով՝ նախաքննության փուլում։

Անընդունելի է զեկույցում տեղ գտած մոտեցումն առ այն, որ «լրագրողը չպետք է ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների, դեպքերի կապակցությամբ, որոնք լուսաբանել է»։ Սրանով փորձ է արվել, նաև հղում կատարելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, հիմնավորել լրագրողներին որպես վկա հարցաքննելու անիրավաչափությունը։ Մինչդեռ, Սահմանադրական դատարանի որոշումը (խոսքը 2015 թվականի հոկտեմբերի 20-ի ՍԴՈ-1234 որոշման մասին է), որին հղում է անում պաշտպանը, վերաբերում է բոլորովին այլ խնդրի, այն է՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով լրագրողի հարցաքննության իրավաչափությանը, ինչը որևէ կերպ չի առնչվում պաշտպանի բարձրացրած հարցին, այն է՝ դեպքին ականատես լրագրողին որպես վկա հարցաքննելու իրավաչափությանը, որի իրավական արգելք նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների արգելք սահմանելու վերաբերյալ զեկույցում տեղ գտած մոտեցմանը՝ թեև այն ամբողջությամբ վերաբերվում է առկա օրենսդրական կարգավորումների քննադատությանը, այնուամենայնիվ, Գլխավոր դատախազությունը բազմիցս պարզաբանել է, որ նշված որոշումները կայացնելիս հաշվի են առնվել քրեական գործով անցնող մեղադրյալներին վերագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, վերագրվող հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալների դրսևորած վարքագիծը, նրանց միջև կայուն և տևական կապի առկայությունը, տեսակցելու ցանկություն հայտնած անձանց հետ նախկինում ունեցած շփումները:

Նախաքննության մարմինը յուրաքանչյուր մեղադրյալի մասով որոշում կայացնելիս դրսևորել է անհատական մոտեցում, իսկ արգելքների կիրառման անհրաժեշտությունը վերանայվում է ոչ թե մեկ կամ երկու ամիսը մեկ, այլ՝ պարբերաբար, ինչի արդյունքում արդեն իսկ վերացվել են մեկ տասնյակից ավել մեղադրյալների նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Ընդ որում, դատական ակտերով ևս հաստատվել է վարույթ իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը լիարժեք և պատշաճ կերպով իրականացրել է և իրականացնում է Երևան քաղաքում հուլիսյան դեպքերի փաստերով իրականացվող քննության նկատմամբ դատախազական հսկողություն՝ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիության և դատավարության մասնակիցների իրավունքների անշեղ պահպանման սկզբունքների պահանջներին համապատասխան և այդ համատեքստում, ՄԻՊ հարցումների հիման վրա պարբերաբար տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվություն, որը բավարար կլիներ զեկույցում օբյեկտիվ գնահատականներ ներկայացնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունը կարևորելով քաղաքացիների օբյեկտիվ, լիարժեք և համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքը, միաժամանակ բարձր գնահատելով ՄԻՊ ինստիտուտի հեղինակության նշանակությունը, Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում է իրավական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցներում գնահատողական կարծիք հնչեցնելիս հիմնվել բացառապես ստուգված և օբյեկտիվ փաստերի վրա' այդ կերպ զերծ մնալով իրավապահ կառույցների աշխատանքի նկատմամբ հանրային ոչ ճշգրիտ կարծիք ձևավորելու արատավոր երևույթից: