«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ Սամվել Ալեքսանյանի որոշմամբ, նրան պատկանող սուպերմարկետների այն աշխատակիցները, որոնք Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ չեն՝ կազատվեն աշխատանքից:
Ալեքսանյանը, ըստ թերթի, որոշել է իր կառույցում աշխատանքի ընդունել միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ որպես խորհրդարանի ընտրությանը ռեյտինգային կարգով իրեն տված ձայների համար վարձահատույց լինելու քայլ: Մալաթիա-Սեբաստիան Ալեքսանյանի, այսպես ասած, հայրենի շրջանն է: Վերջինս հայ քաղաքական մշակույթի լավագույն ավանդույթներին հավատարիմ մնալով՝ լիարժեք ֆեոդալական կարգեր է որոշել այստեղ հաստատել:
Մի կարգ, որի դեպքում ամենանվիրական կերպով պետք է մասնակցես ընտրություններին, քո քվեն տաս հանուն քո ֆեոդալի, որպեսզի երկարաձգվի վերջինիս կառավարման ժամկետը, և չմնաս անգործ՝ պետության սոցիալական նպաստի հույսին: Սնշուշտ, Ալեքսանյանի և իր նման մտածող ֆեոդալների համար սա բավական շահավետ համակարգ է, որտեղ իրենք կառավարում են ամեն ինչ և բոլորին: Բայց արդյո՞ք այդ համակարգը նպաստում է մեր պետականության հիմքերի ամրապնդմանը: Թերևս Ալեքսանյանը սխալ է հասկացել վարչապետի՝ ամեն ինչի տեղականին առավելություն տալու նախաձեռնությունը: Որոշել է այս կերպ աչքի ընկնել: Գովելի է, սակայն ծիծաղելի:
Չպետք է մոռանալ, որ նման ֆեոդալներն իրենք էլ ունեն իրենց ֆեոդալները: Երկրում առկա համակարգը Սամվել Ալեքսանյանով չի սկսվում և նրանով չի ավարտվում: Սա մեր կառավարման ապարատի հիվանդությունն է, որը մետաստազներ է տալիս ողջ երկրով մեկ: Քաղաքականության հիմքում առկա նման փիլիսոփայությունը պարզապես կարող է քանդել պետությունը՝ պետական անվտանգությունը, պետական կառուցվածքը:
Կասեք Սամվել Ալեքսանյանը իրավունք ունի իր կառույցներում՝ ասել է թե կալվածքներում աշխատանքի ընդունել ցանկացած աշխարհրագրական պատկանելիության տեր անձանց: Այո՝ սա էլ մեկ այլ փիլիսոփայություն է, որից ոչ մի կերպ չի ձերբազատվում մեր քաղաքական իրականությունը՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Այսպե՞ս ենք փոխելու աշխարհը և մեզ..
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ