Թուրքիայի կառավարությունը չեղարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանացի պատգամավոր Բեռնդ Ֆաբրիտիուսի այցը երկիր: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

 

ԵԽԽՎ-ն 2016 թվականի նոյեմբերին լիազորել էր պատգամավորին մեկնել Թուրքիա «իրավական պետության սկզբունքներին Թուրքիայի հավատարմությունը ուսումնասիրելու» հարցով: Ֆաբրիտիուսն արդեն մի շարք հանդիպումներ էր ծրագրել, այդ թվում և Թուրքիայի արդարադատության նախարարի և սահմանադրական դատարանի նախագահի հետ:

 

Սակայն այն բանից հետո, ինչ ԵԽԽՎ-ն որոշում ընդունեց Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ, պաշտոնական Անկարան չեղյալ համարեց պատգամավորի այցը:

 

«Ցավով եմ ընդունում այս քայլը և կոչ եմ անում թուրքական կառավարությանը չեղարկի այցը չեղյալ համարելու մասին որոշումը»,- ասել է պատգամավորը:

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում է կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը: Առաջարկին կողմ են քվեարկել ԵԽԽՎ տարբեր երկրների 113 պատվիրակ, դեմ' 45-ը, ձեռնպահ' 12-ը: Թուրքիան կառույցի կողմից մոնիթորինգի տակից հանվել էր 2004 թվականին:

 

ԵԽԽՎ որոշման մեջ նշվում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որ այդ երկիրը կատարի ներկայացված առաջարկները: ԵԽԽՎ Թուրքիայի հարցով զեկուցողներ Մարիան Միկկոյի (Էստոնիա) և Ինգեբյորգ Գոդսքեսենի (Նորվեգիա) պատրաստած զեկույցում խստորեն քննադատվում է 2016 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված և երեք անգամ երկարա ձգված արտակարգ դրության պայմաններում կայացվող որոշումները' նշելով, որ դրանք վնասում են Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեությունը: