ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է վարչական գործերը քննող նոր վճռաբեկ պալատի ստեղծում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ նախագծով Բարձրագույն դատական խորհրդի համար սահմանվում է նոր իրավասություն: «Կսահմանվեն ըստ ոլորտային գործերի քննության առաջնահերթությունները: Այսինքն' որոշում կկայացվի, թե այս կամ այն գործն ինչ առաջնահերթությամբ է քննվելու: Եթե գործը վերաբերում է ալիմենտի բռնագանձմանը, առողջության վնասի փոխհատուցմանը, ապա հաշվի առնելով միջազգային փորձը, նման գործերը կքննվեն ավելի արագ»,- ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախարարության մշակած նախագծով, վերանայվելու է գործող դատավորների քանակը կամ որոշվելու է նրանց բաշխվածությունը: Բացի այդ, նախագծով հստակեցվել է, որ մինչդատական վարույթին վերաբերող վերահսկողական գործառույթները դատարանում իրականացվելու են բացառապես քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Նրա խոսքով՝ այսօր ծանրաբեռնվածությունից ելնելով այդ գործընթացներն իրականացնում են, որ միայն քրեական ուղղվածություն ունեցող դատավորները, այլև քաղաքացիական ուղղվածություն ունեցող դատավորները: