Աղբահանության ոլորտի խնդիրները համակարգային լուծում են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Համապատասխան կոդեկս ենք ընդունելու, որում շատ կոշտ վարչական պատիժներ են հասնելու: Ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը դառնա կառավարելի և ամենակարևորը, մեր քաղաքացիները հասկանան, որ իր համար ամենագերակա խնդիրն իր շրջապատը մաքուր պահելն է: Չե՞նք ունենա այս ամենը, չենք ակնկալի հինգ միլիոն զբոսաշրջիկի առկայություն Հայաստանում»,- ասաց Լոքյանը:
Փաստորեն, Լոքյանին այս իրավիճակը բնավ չէր հուզում, մինչ այն ճակատագրական պահը, երբ կառավարության նիստում վարչապետը խիստ կերպով հրահանգեց շտկել աղետալի դրությունը: Այդ պահից ի վեր նախարարը իր գերակա խնդիրն է համարում հենց այս հիմնահարցին լուծում տալը: Միևնույն ժամանակ, ինչպես երևում է նա առավելապես մտահոգված է այն հինգ միլիոն տուրիստներով, որոնք կարող էին գալ Հայաստան, բայց չեն եկել ու մոտ ապագայում չեն էլ գա, քանի որ մեր հասարակությունն, ըստ իրեն, չափից դուրս փնթի է: Ստացվում է նաև, որ քաղաքացիներն են մեղավոր ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակի մեջ՝ մենք ենք անխնա աղբ արտադրում, այնքան անխնա, որ պատկան մարմինները կաշվից դուրս գալով անգամ չեն կարողանում պատշաճ կերպով կատարել իրենց հիմնական գործառույթները: Ինչպես միշտ պաշտոնյաների մոտ մեղավորը շարքային քաղաքացիներն է: Այն երեք միլիոն քաղաքացիները, որոնց ճակատագիրը կարծես այնքան էլ չի մտահոգում հախարարին: Կարևորը տուրիստներն են և նրանց հարմարավետությունը, հետևաբար, եթե անգամ մաքրենք երկիրը աղբից՝ ապա հանուն այդ հինգ միլիոն չարաբաստիկ տուրիստների, որոնց սպասելիս կառավարության աչքը արդեն ջուր է կտրում:
Ստելլա Խաչատրյան