Իշխանությունները երեկ «շուստրիություն» արեցին եւ երեկվա «խառը» օրով տարածեցին կարեւոր հաղորդագրություն, որ Գյումրիում` Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ դատարանի կողմից մեղավոր ճանաչված, ինչպես նաեւ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմադաշտային դատարանի կողմից դասալքության եւ այլ հոդվածներով մեղավոր ճանաչված ցմահ բանտարկյալ Վալերի Պերմյակովին հանձնում է ՌԴ-ին, որպեսզի պատիժն այնտեղ կրի: Օրեր առաջ արդարադատության փոխնախարարը հաստատել էր, որ քննարկվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար ցմահ դատապարտված Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը։

Եթե Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է նրա պատժի կրման հարցը, ապա դա նշանակում է, որ դիտարկվում է Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու տարբերակը: Այլապես պատժի կրման հարցում քննարկելու բան արդարադատության նախարարը թերեւս չպետք է ունենար: Առեղծվածն այն է, որ նախարարությունը քննարկում էր հարցը, մինչդեռ Պերմյակովը Հայաստանի ձեռքում էլ չէ եւ չի էլ եղել՝ հանցագործությունից ի վեր: Նա գտնվում էր ՌԴ ռազմակայանում, հայ-թուրքական սահմանում հայտնաբերվելուց ի վեր: Ընդ որում, այդ սահմանը հսկող ՌԴ սահմանապահները Պերմյակովին օրենքի խախտումով են փոխանցել ռազմակայան, քանի որ պարտավոր էին փոխանցել Հայաստանի ԱԱԾ-ին: Արդյունքում առկա էր իրավիճակ, որ ՀՀ դատավորը երկրի դրոշի հետ միասին գնում է ՌԴ ռազմաբազայի տարածք՝ արդարադատություն իրականացնելու:

Երեկ` քաղաքական անցուդարձով և Ազգային ժողովի առաջին նիստով պայմանավորված, հանրության մեծ մասն այդպես էլ չնկատեց, թե ինչ կատարվեց մեկ օրում, ինչպես իշխանությունները «սղացին» հասարակական դժգոհության ալիքից և ազատվեցին հայհոյանքների եւ անեծքների արժանանալուց: Քողարկված ու ստվերային արարքները կարծես դարձել են իշխանությունների գործելաոճը: Հիշենք, ինչպես «Էլեկտրիկ Երևանի» թեժ ակցիաների ժամանակ հաղորդագրություն տարածվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պերմյակովին Հայաստանին հանձնելու շուրջ, այդպես փորձում էին մեղմել Բաղրամյանի ակցիաները, իսկ այսօր փորձում են հանցավոր համաձայնությունը ստվերել ԱԺ-ում ընթացող պալատական ինտրիգներով:

Այո, նրան ուշ թե շուտ արտահանձնելու էին, սա մեզ համար նորություն չպետք է լիներ, բայց այստեղ կարևոր էր, թե երբ կարտահանձնեն։ Մի բան է, որ նրան արտահանձնեն 8-10 տարի հետո, այլ բան է, որ արտահանձնեն հանցագործությունը գործելուց հետո ընդամենը 2 տարի անց։ Մամուլում օրեր առաջ մի թեզ տարածվեց, համաձայն որի՝ Պերմյակովը կարող է փոխանակվել ՌԴ-ում շուրջ 4 տարի պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Այս պահին Հարությունյանը Հայաստանում չէ, իսկ Պերմյակովը վերդառնում է հայրենիք: Անգամ, եթե փոխանակման մասին տեղեկությունները ճշմարտության անգամ մեկ տոկոս են պարունակում, այդ երկու խնդիրներում ընդհանրության գիծ լինել չի կարող:

Հրաչյա Հարությունյանը ոչ միտումնավոր է այդ հանցագործությունը կատարել։ Երկրորդ՝ Հրաչյա Հարությունյանը ցմահ չի դատապարտվել։ Եթե Հրաչյա Հարությունյանն իր հանցագործությունը կատարել է մեքենայի անսարքության հետևանքով, ապա Պերմյակովը միտումնավոր է մտել մարդկանց տուն և սպանել տան անդամներին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխայի։ Երրորդ՝ Հրաչյա Հարությունյանն իր պատժի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանի բանտերից մեկում։ Այսինքն՝ նրա կատարած հանցագործությունից անցել է արդեն 5 տարի։ Պերմյակովի և Հարությունյանի կատարած հանցագործությունները անհամատեղելի են։ Այս պարագայում հարց է առաջանում, որը մեր իշխանությունների պարագայում թերևս հռետորական է՝ «պարոնայք, դուք թասիբ ունե՞ք…»:

Այսինքն, «դուխը» բավարարեց խնդրին միայն ժամանակավոր լուծում տալ` որոշ ժամանակ Պերմյակովին Հայաստանում պահելու հարց լուծել, իսկ, երբ «կրքերը հանդարտվեն»` մտորել Ռուսաստանին հանձնելու ուղղությամբ: Մի ամբողջ ընտանիք վերացվեց: Ավելին`դատավարությունը ոչինչ չապացուցեց` Պերմյակո՞վն էր իրական հանցագործը, թե՞ պարզապես «քավության նոխազ» էր…

Միայն հարցեր մնացին Ավետիսյանների հարազատների ու հայաստանցիների գլխում: Բայց կարևորը բավարարվեց Մոսկվայի պահանջը, իրենց զինծառայողին կտեղափոխեն Ռուսաստան` հայ-ռուսական հանցավոր պայմանավորվածության արդյունքում: Այս գործն իսկական լակմուսի թուղթ էր Հայաստանի ինքնիշխան պետականության համար: Ահա, սա է Հայաստանի «ինքնիշխան» պետության արդարադատությունը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ