ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ընդգրկված եւ հիմա ՀՀԿ-ի խմբակցության անդամ հանդիսացող Միհրան Պողոսյանի բեմելը ԱԺ առաջին նստաշրջանում մեղմ ասած, շռնդալից ստացվեց:
Պանաման նվաճած օֆշորային գեներալը՝ Միհրան Պողոսյանը, նույն ինքը՝ Քեթրինի Միհրանը դարձել է ԱԺ-ի աստղը, նա իր մտքերով ու անբռնազբոս ինքնավստահությամբ լրացնում հաջողությամբ լրացնում է բոլոր բացականերին: Նախկին ԴԱՀԿ պետը ԱԺ-ում իր առաջին ելույթի համար ընտրել էր ավելի քան կենսական թեմա` վարկերի տոկոսների բարձր լինելու մասին: Եվ իրոք, եթե հպանցիկ նայենք նրա ասածներին, ապա որեւէ տարօրինակ բան դժվար է գտնել: Սակայն դա` միայն մակերեսային դիտարկման դեպքում: Միհրան Պողոսյանի կողմից արված մի շարք շեշտադրումներ իրոք խորքային վերլուծության կարիք ունեն:
Պողոսյանը Գագիկ Մինասյանին հարց ուղղելիս հայտարարեց, թե օրենքով «զսպաշապիկ» է պետք հագցնել բանկերին ու վարկային կազմակերպություններին, որպեսզի վերջիններս նվազեցնեն վարկերի տոկոսները: Առաջին հայացքից բավական դրական և ողջունելի առաջարկություն է, շատերի համար միանշանակ ականջահաճո: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանկերի տոկոսները մեր երկրում բարձր են, և բացարձակապես ձեռնտու չեն գործարարների համար: Սակայն այն, թե ինչու են այդ տոկոսները բարձր, շատ ավելի խորքային հարց է: Հայաստանի Հանրապետությունում վարկերի տոկոսները սահմանելիս բանկերը կաշկանդվում են օրենքով, քանի որ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վարկերի տոկոսը չի կարող գերազանցել, այսպես կոչված, «բանկային տոկոսի հաշվարկային դրույքի» կրկնապատիկը, որը սահմանում է Կենտրոնական բանկը:
Այս պահին այդ հաշվարկային դրույքը 12 տոկոսն է, հետեւաբար բանկերը չեն կարող բիզնես վարկեր տրամադրել ավելի քան 24 տոկոսով: Բանկերը 24 տոկոսից ավելի թանկ վարկեր բիզնեսին չեն էլ տրամադրում: Ներկայումս վարկերի տոկոսը 10-15 է: Դա էլ, անշուշտ, շատ բարձր է, բայց եթե օրենքով սահմանվի, որ բանկերը պետք է վարկեր տան, ասենք, ոչ ավելի, քան 4 տոկոսով, ապա բանկային համակարգը կփլուզվի հաշված ժամերի ընթացքում: Այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչու են բանկերի վարկերի տոկոսները շարունակում այդքան բարձր մնալ: Բանն այն է, որ այդ բարձր տոկոսները արտացոլում են ռիսկայնության մակարդաը որն առկա է այսօր մեր տնտեսությունում: Իսկ ռիսկերից մեկը և թերևս ամենագլխավորը շարունակում է մնալ մոնոպոլիզացված լինելը: Հենց այս տեսանկյունից է, որ Միհրան Պողոսյանի առաջարկը մեղմ ասած տարակուսելի է: Հայտնի է, որ տարիներ շարունակ «Քեթրին» ընկերությունը տիրապետում էր բանանի ներկրման մոնոպոլիային: Օրինակ, երկար ժամանակ Հայաստանում բանանը կրկնակի թանկ էր, քան Եվրոպայի վաճառքի կետերում: Մոնոպոլիզացիան հենց այն գործոններից մեկն է, որոնք թույլ չեն տալիս բարելավել տնտեսական միջավայրը: Դա էլ իր հերթին մեծ ռիսկ է, ու բերում է նրան, որ բանկերը ի վիճակի չեն լինում նվազեցնել տոկոսները:
Ստացվում է հետաքրքիր մի իրավիճակ, երբ Միհրան Պողոսյանը իր օրենսդրական գործունեությունը սկսում է մի առաջարկությամբ, որով փաստացի պատրաստվում է պայքարել այն իրավիճակի դեմ, որն առաջացել է նաև իր գործունեության արդյունքում: Թերևս հենց այդ մասին էր իր ելույթում նրբորեն ակնարկում ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հայտարարելով, որ առանց լուրջ մրցակցային պայմանների ստեղծման, առանց ստվերի էական կրճատման, եւ առանց տնտեսության մեջ մրցակցային հնարավորությունների մեծացման նման առաջարկը չի կարող տալ լուրջ և դրական արդյունք:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ