Ազգային ժողովում ՀՀ նախագահի ուղերձը դառնալու է Հայաստանի կառավարության նոր ծրագրի ուղղվածությունն ու թիրախը: Մայիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ իրատեսական համարելով Հայաստանում 4 միլիոն բնակչություն ունենալը:
«Մեր երկիրը այդ հնարավորությունը ունի, պարզապես անհրաժեշտ է բոլոր ուղղություններով մեր քաղաքականությունը առաջ տանել, որի մասին նաև նախագահը իր ուղերձում հստակ նշել է: Նախագահն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ հստակ մատնանշելով մեր անելիքները, այդ թվում նաև բնապահպանության ոլորտում: Կարծում եմ, որ մեր կառավարությունն ունակ է այդ ցուցանիշը դարձնել իրականություն»,-ընդգծեց Մինասյանը:
Մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի: «Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառ ումների մշակում և իրականացում, որոնք, ի տարբերություն նախորդ 25 տարվա, հաջորդ 25 տարում և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում»,- ասել է Նախագահը: