Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց ոռոգման ջրամատակարարման ոլորտի նոր հայեցակարգ՝ նշելով, որ այն կլուծի համակարգում առկա խնդիրները։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը խնդրեց վարչապետին՝ նախքան հայեցակարգին հավանութուն տալը, լրացուցիչ 2 օր տրամադրել Արդարադատության նախարարության տեսակետը ստանալու և կոմիտեի հետ քննարկման համար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, սակայն, նշեց, որ ոչ թե պետք է երկու օր ժամանակ խնդրել, այլ պետք է ներկայացնել խնդիրը։
«Բնապահպանության նախարարությունը պահանջում է, որ այս հայեցակարգն անցնի շրջակա միջավայրի ազդեցության գնահատական: Մենք քննարկել ենք կոմիտեում այս հարցը, հանձնարարել ենք Արդարադատության նախարարությանը՝ ներկայացնել իրենց տեսակետը, թե արդյո՞ք պետք է, որ այս հարցն անցնի ՇՄԱԳ: Մեր կարծիով՝ բացարձակապես դրա կարիքը չկա, որովհետև չի համարվում օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթուղթ ջրային տնտեսության բնագավառին վերաբերող», - ասաց Դավիթ Հարությունյանն ու հավելեց, որ Արդարադատության նախարարությունն էլ է նման որոշում ընդունել:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ 6 ամիս ժամկետ է տրամադրվելու միջոցառումների կատարման համար։
«Սա բավական ժամանակ է այդ փորձաքննության անցկացման համար: Օրենքի շրջանակներում էլ պիտի այդ փորձաքննությունն անցկացվի, ու սա օգտակար կլինի», - արձագանքեց Արծվիկ Մինասյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց 2 օր ժամանակ տալ կոնստրուկտիվ, պրագմատիկ որոշում ընդունելու համար:
Արծվիկ Մինասյանը, սակայն, հավելեց, որ օրենքն այդպես է սահմանում, իսկ վարչապետն արձագանքեց. «Օրենքը տարբեր մարդիկ տարբեր կերպ են կարդում, թող Արդարադատության նախարարությունն էլ կարդա, որ բոլորը նույն ձևով կարդան»:
Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, թե օրենքը կիրառող մարմինն իրենց նախարարությունն է, ու իրենց կարծիքն էլ պիտի հաշվի առնվի:
Կարեն Կարապետյան-Արծվիկ Մինասյան բանավեճն ավարտվեց նրանով, որ որոշում կայացվեց, որ Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին քննարկի հարցը: