Սպասումները 2017 տնտեսական տարուց կարծես հետզհետե հօդս են ցնդում. երկրի տնտեսությունը չի դադարում տեղում դոփել` չնայած միառժամանակ առաջ հնչած այն կանխատեսումներին, թե տեսանելի ապագայում հնարավոր կլինի «սայլը տեղից շարժել». տնտեսական գրեթե բոլոր ցուցանիշներով Հայաստանը հետընթաց է գրանցում, իսկ ամենահետաքրքրականն էլ այն է, որ այդ հետընթացի մասին հանրությանը գուժում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ այդմ` պարզվում է, որ համաձայն վերջին տվյալների` Հայաստանի տնտեսության այնպիսի կարևորագույն ճյուղերում, ինչպիսիք են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը անկում է գրանցվել: Իրավիճակը հատկապես ծանր է շինարարաության ոլորտում, ուր այս տարվա առաջին 4 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անկում է արձանագրվել ավելի քան 13%-ով: Մի խոսքով` ԱՎԾ-ի վերջին հետազոտություներից պարզ է դառնում, որ Հայաստանի տնեսության զարգացման կորը 2017-ին կարող է և այնքան էլ հուսադրող չլինել, ու հօդս ցնդեն բոլոր այն դրական կանխատեսումները, որ արվել էին նախկինում` փայլուն ապագա խոստանալով Հայաստանի տնտեսությանը:
Բնական հարց է առաջանում` ի՞նչ է տեղի ունեցել կամ կատարվում, որ հենց հիմա է ԱՎԾ-ն որոշում ընդունել փչացնել ոմանց տրամադրությունը: Իհարկե, ոչ ոք հիմար չէ ու շատ լավ հասկանում է, որ ԱՎԾ կողմից վերջին ամիսներին պարբերաբար ներկայացվող վիճակագրական տվյալները ոչ մի կերպ չէր կարելի ընդունել «հալած յուղի տեղ». այսպես թե այնպես այդ վիճակագրական տվյալներում որոշակի «խալտուրաների» հավանականությունը չափից դուրս մեծ էր` կապված Կարապետյանի կողմից ամիսներ առաջ ձևավորած կառավարության հետ, երբ փորձ էր արվում, պայմանավորված քաղաքական ընտրություններով, ժողովրդի շրջանում դրական սպասելիքներ առաջ բերել և այլն: Հիմա, երբ ընտրություններն անցյալում են ու այլևս Կարապետյանին ավելորդ անգամ «փիառելն» ուղղակի անիմաստ է դարձել, ԱՎԾ-ն փորձում է քայլ առ քայլ հանրությանը ներկայացնել տնտեսությունում ստեղծված ոչ այնքան բարվոք վիճակը: Անկասկած է, որ միայն շինարարության անկման տեմպերը բավական են` ֆիքսելու այն ճշմարտությունը, որ երկրում, իրոք, ամեն բան այնքան էլ հարթ չի ընթանում, քանի որ ցանկացած երկրի պարագայում շինարարության ոլորտում գրանցվող ցուցանիշներն այն հիմնական ինդեքսներից մեկն են, որով չափվում են տնտեսությունում առկա միտումները:
Այս առումով ոչ մի հուսադրող բան Հայաստանում չկա. արտագաղթը նոր թափ է հավաքում, մարդկանց ձեռքին փող այլևս չկա, բանկերը ոչ մի կերպ ձեռնտու տոկոսադրույքներով վարկեր չեն տրամադրում, իսկ տուն դարձողներ էլ առհասարակ չկան: Շինարարության ոլորտում գրանցված անկումը հենց այս գործոններով է պայմանավորված` գործոներ, որոնք լավագույնս են բնութագրում երկրում ստեղծված սոցիալական վատթար մթնոլորտը:
Իսկ ի՞նչ կարող է այս ամենը նշանակել քաղաքական տեսանկյունից: Այս ամենն, ըստ էության, իրական հարված կարող հասցնել Կարապետյանի դիրքերին ու հեղինակությանը, քանի որ այս ամենով, ըստ էության, մեկ բան է փաստվում` ներկայիս վարչապետը չի կարողանում մինչև վերջ կյանքի կոչել իր տված խոստումները, ինչը, բնականաբար, լուրջ քաղաքական կապիտալ է նրա քաղաքական հակառակորդների ձեռքին:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ