Այսօր Գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և դատավոր Վ. Վարդանյանին կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 05.06.2017թ. միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին: Աղվան Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, իսկ Վ. Վարդանյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկվելու են այսօր:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով այդ ձերբակալման միջնորդությունների մասին, դրանք համարեց ձերբակալություններ՝ ընդամենը ցուցադրական նպատակով. «Սա քարոզչություն է, ոչ թե պայքար՝ ընդդեմ կոռուպցիայի, այլապես համակարգը պետք է վերից վար փոխել, քանի որ արմատապես արատավորված է: Մեկ-երկու կաշառակերի ձերբակալելով, հարցը չի լուծվում»:
Իրավապաշտպանը խորհուրդ է տալիս չոգևորվել կատարվածով, քանի որ ՀՀ իշխանությունը դեռ պետք է հասարակությանն ապացուցի, որ սրանք ընդամենը քարոզչական հնարքներ, կամ ցուցադրական դատավարություններ չեն. «Չեմ կարծում, որ այս ձերբակալություներից հետո դատավորներն ու դատախազներն այլևս կաշառք չեն վերցնի, դրա համար հասարակության արժեհամակարգն է պետք փոխել, ինչը մեր երկրում դեռ չի արվում: Դեռ պետությունը մեզ պետք է ապացուցի, որ պայքարում է կոռուպցիայի դեմ և այդ պայքարին լրջորեն է մոտենում»:
Որպես ապացույց՝ Վարդան Հարությունյանը բերում է եվրոպական երկրների օրինակները, երբ պաշտոնյային պատժելը չի տեղավորվում նրան ընդամենն իր պաշտոնից զրկելու սահմանում, իսկ Հայաստանում իրավիճակն այլ է. «Մենք բոլորս էլ գիտենք՝ մեզ մոտ ինչպես է. եթե կաշառք վերցնողը յուրային է՝ կարող է ընդամենը պաշտոնը կորցնել, եթե այդքան էլ յուրային չէ, գուցե նրան ձերբակալեն և հասարակությանը ցույց տան, որ պայքարում են կոռուպցիայի դեմ: Սակայն հասարակությանը խաբել հնարավոր չէ, չէ՞ որ բոլորն էլ գիտեն՝ ինչպես են մեր երկրում հարստանում չինովնիկները, մենք բոլորս գիտենք՝ նրանք ինչպես են հարստանում, գիտենք, որ իրենց աշխատավարձի շնորհիվ հնարավոր չէ ապրել այնպես, ինչպես ապրում են, գիտենք նաև, որ իշխանամերձ բիզնեսմենները, հարկեր չվճարելուվ, գերհարստանում են, ուստի այս ֆոնին մի քանի դատավորի կամ դատախազի ձերբակալությունը չպետք է ոգևորության առիթ դառնա» :
Հավելենք, որ ձերբակալված Աղվան Պետրոսյանը 2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչ օրս զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի դրամական միջոցները 2016 թվականին կազմել է 9,782,505.00 ՀՀ դրամ:
Մյուս ձերբակալված դատավոր Վանիկ Վարդանյանը 2008 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Դատավորի՝ Վանիկ Վարդանյանի դրամական միջոցները կազմել է 9,552,735.00 դրամ: Միջոցները գոյացել են աշխատավարձից և ստացած կենսաթոշակից: