Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար։ Նա նաև չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
«Նախ և առաջ ասեմ՝ ես այս ժամանակահատվածում Հայաստանում եմ եղել: Մի քանի օրով ես դուրս եմ եկել Հայաստանից: Լրատվամիջոցներում արծարծվող այն կեղծ տեղեկությունները, որ ես Հայաստանում չեմ, դրսում եմ, աշխատանքի են նշանակել և այլն, և այլն, ճիշտ չէ, նաև անընդունելի է: Որովհետև ես երկար տարիներ ծառայել եմ իմ հայրենիքին, 38 տարի ծառայել եմ իմ հայրենիքին, այստեղ եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը: Եվ ես շարունակելու եմ իմ գործունեությունը իմ հայրենիքին ծառայելու համար: Մեթոդները, ձևերը, սկզբունքները որոշում ընդունելուց հետո, իհարկե, կներկայացնեմ հանրությանը», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարարը:
Հայտարարելով, որ մնալու է քաղաքականության մեջ՝ Օհանյանը շարունակեց․ - «Այսօր քաղաքականության մեջ են բոլորը: Այսօր Հայաստանի Հանրապետության ապագային մասին, նրա անվտանգության, զարգացման մասին մտածող յուրաքանչյուր կարող ուժ, խելացի ուժ, չի կարող իրեն դուրս պահել այն իրողություններից, որ տեղի են ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջը»:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Ազգային ժողովո չանցած «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինիքի ղեկավարի խոսքով, ներկայիս խորհրդարանը «չի արտացոլում ժողովրդի կամքը»․ - «Խորհրդարանից դուրս են այսօր քաղաքական շատ ուժեր, և, անկասկած, նրանք պետք է և՛ խորհրդարանին, և՛ այսօրվա իշխանություններին լսելի դարձնեն մեր ժողովրդի ամբողջ ձայնը: Եվ այդ առումով ես չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս էլ զարգացումներ կձևավորվեն, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել, ինչու չէ, նաև ֆորսմաժորային իրավիճակի, որովհետև ստեղծվել է մի այնպիսի քաղաքական համակարգ, որը, կարելի է ասել, որ ամենաապաքաղաքականացված խորհրդարանի ներկայությունն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում: Որովհետև մեծ հարգանք տածելով շատ-շատ գործիչների, շատ-շատ գործարարներին [նկատմամբ], այնուամենայնիվ, նրանք մեր ժողովրդի իսկական շահերը խորհրդարանում չեն արտահայտում: Եվ այդ առումով, եթե ժողովրդի ձայնը լսելի չլինի, ապա ես կարծում եմ, որ ժողովուրդը իր ձայնը պետք է լսելի դարձնի իշխանությունների համար»: