Գառնի համայնքի բնակիչներն արդեն մի քանի տարի է համառորեն պայքարում են իրենց հողն անջրդի չթողնելու, Ազատ գետի ջրով իրենց այգիները ջրելու համար:Եթե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր չեղարկել այդ որոշումը, և որոշ ժամանակով այնտեղ դադարեցվել էին աշխատանքները, հիմա աշխատանքները վերսկսվել են, ինչն էլ դարձել է գյուղացիների նոր դժգոհության պատճառ։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, բնապահպան, «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, խոսելով բարձրացված խնդրի մասին, շեշտեց, որ իշխանությունների թողտվությամբ Գառնու կիրճն անապատացման տանող այս նախագիծը մահացու հարված է ոչ միայն բնությանն, այլև՝ կենդանական աշխարհին. «Խողովակներով հեռացնում են Ազատ գետի ջուրը, այսինքն ջրից զրկում են ոչ միայն բուսական աշխարհն, այլ նաև կենդանականը՝ անգամ Ազատ գետի հովտի կենդանիները չեն կարողանա ջուր խմել»-նշեց բնապահպանը:
Վերջինս վստահ է՝ եթե գառնեցիները կարողանան պայքարն օլիգարխիայի դեմ սկսել և պահել նոր թափով, ապա իրենց կհաջողվի սառեցնել այս գործընթացը. «Սովորաբար, պաշտոնյաները, երբ տեսնում են, որ պայքարը հասել է իր գագաթնակետին, սառեցնում են իրենց անհաջող պլանները: Այդպես արեց նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմա, երբ արդեն նախկին պաշտոնյա է, փորձում է իր չստացված պլանն ի կատար ածել, քանի որ չի հրաժարվել գետը չորացնելու իր ծրագրից»։
Հակոբ Սանասարյանն այստեղ հարցի լուծման միայն մեկ տարբերակ է տեսնում, որն, ըստ նրա, գյուղացիների պայքարն է. «Ազատ գետի հովտում ապրողները պետք է ոտքի կանգնեն և պայքարեն այս կործանարար ծրագրի դեմ: Բայց այստեղ առկա է շատ լուրջ խնդիր՝ արդյոք նրանց կհաջողվի պայքարը կիսատ չթողնել, որովհետև Հովիկ Աբրահամյանը շատ լավ տիրապետում է գյուղացիներից ոմանց առնելու մեթոդներին: Նա և պաշտոնյաներն, առհասարակ, գնում են պայքարի մեջ մտած մի քանի գյուղացու, որոնց շնորհիվ էլ շարժումը տապալվում է»,-իր մտահոգությունը կիսեց Հակոբ Սանասայանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մի խումբ գառնեցիներ փակել էին Գեղարդ տանող Երեւան-Գառնի ճանապարհը` պահանջելով այդ տարածքում աշխատող ծանր տեխնիկան դուրս բերել կիրճից:
Հիշեցնենք նաև, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծով նախատեսվում էր Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք, որից պետք է սնվեն մարզի 12 համայնքներ: Գառնիի բնակիչների համոզմամբ՝ ջուրը տանում են Արարատի մարզ՝ վարչապետի այգիները ջրելու համար:
Գյուղացիների բողոքն արդյունք տվեց այնքանով, որ նախագիծն այդվ պահին սառեցվեց, սրան հաջորդեց նաև վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:
Հարցը սակայն այսքանով չփակվեց և գյուղացիների խնդիրն այսուհետ թևակոխում է նոր փուլ: