Այսօր Ազգային ժողովում քննարկման է դրվել Կառավարության և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած համատեղ օրենքների նախագծերի փաթեթը, որն, ըստ հեղինակների, հակակոռուպցիոն պայքարի ճկուն մեխանիզմ է դառնալու:
Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները փորձեց արտահայտել նորընտիր ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:
ԱԺ ամբինոնին մոտեցած նորընտիր պատգամավորն, իր ելույթի սկզբում, նախ՝ ներկա պատգամավորներից թույլտվություն խնդրեց՝ բարձր գնահատելու Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն այս օրենքներում:
Այնուհետև նորընտիր պատգամավորը խոսեց իր մտահոգությունների մասին. «Այն խնդիրը, որ ես ուզում եմ բարձրաձայնել, բացարձակ իրավական հարթության մեջ չէ: Իմ գաղափարը կապված է հայկականության հետ, և այսօրվա իրավիճակում, կապված ազդարարի ինստիտուտի հետ, և արդյոք այդ ինստիտուտը կաշխատի՞, թե՞ ոչ»,- նման ոչ հոդաբաշխ և անբովանդակ նախադասություններն իրար կողք շարելով՝ իր խոսքը սկսեց պատգամավորը՝ դեմքի շատ լուրջ արտահայտությամբ շարունակելով ապականել մեր ոսկեղենիկ մայրենին. «Ի՞նչ է ասում ներքին ազդարարը, ասում է՝ նույն համակարգում աշխատողները պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ, և սա ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջև: Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք և տեղյակ ենք՝ ինչ արժեքներ ենք կրում և միշտ չի, որ եվրոպական արժեքները մեր հայկական արժեքների հետ համատեղելի են»:
Անդրանիկ Կարապետյանը ելույթի առաջին րոպեներից հետո էլ չկարողացավ մտքերը հավաքել և հստակ իր մտահոգությունը ձևակերպել. «Եթե կաշխատի ազդարարի ինստիտուտը մեր երկրում, կարող է աշխատել, ապա ինչ հետևանքներ նա կունենա, եթե չի աշխատի, ապա ինչո՞ւ ենք դա ընդունում: Իմ կարծիքով՝ ազդարարի ինստիտուտը մեզ հարիր չէ և, ժողովրդական խոսքով ասած, սա գործ տալու ինստիտուտ է, եկենք գնանք աշխատանքի և ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայենք»,-նշեց նա՝ վերջում խիստ պաթետիկ տոնով ներկաներին հորդորելով հայ մնալ:
ՀԳ. Փաստորեն, իշխանությունների փորձերն՝ Ազգային ժողովին տալ նոր ձև և բովանդակություն՝ այնքան էլ չի հաջողվել՝ ի դեմս Շմայսի արժանի հետևորդ Անդրանիկ Կարապետյանի:
Պատգամավորի ոգեշունչ ելույթի մանրամասները՝ տեսանյութում.