ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր` դիտարկելու նախօրեի ուժեղ քամու և կարկուտի պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը: փոխնախարարը մասնավորապես եղել է առավել մեծ վնասներ կրած Սիփանիկ, Արտիմետ, Խորոնք համայնքներում, զրուցել գյուղացիների և համայնքների ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դիտարկումների արդյունքներով՝ ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները, հիմնականում վնասվել են պոլիէթիլային թաղանթներ, մետաղյա կոնստրուկցիաներ, ինչպես նաև լոլիկի և վարունգի բերքը:

«Խնդրել ենք, որպեսզի համայնքային և մարզային հանձնաժողովները վնասների չափերը հաշվարկեն, ներկայացնեն հանրապետական հանձնաժողով, որտեղ դրանք կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն, որպեսզի հնարավորության դեպքում գյուղացիներին օժանդակություն ցուցաբերվի՝ վնասը մեղմելու նպատակով: Ցավալի է, մարդիկ նոր էին սկսել բերքահավաքի աշխատանքները, և առանձին տնտեսություններ իսկապես մեծ նյութական վնասներ են կրել, սակայն հուսադրողն այն է, որ մնացած հատվածներում հաջող բերք է սպասվում և կարտոֆիլի, և ցորենի, և բանջարեղենի»,- նշել է Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կարկտահարության դեպքերն ավելի քիչ են եղել: Ուժեղ կարկուտ տեղացել է Սյունիքի մարզի որոշ համայնքներում, մնացած դեպքերում՝ Շիրակում, Տավուշի, Արմավիրի մարզում կարկտահարությունը հիմնականում թեթև վնասներ է հասցրել :

Աշոտ Հարությունյանը նաև կարևորել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ապահովագրել գյուղացիների աշխատանքը նման բնական աղետներից, որտեղ մարդկային գործոնը որևէ բան փոխելու առումով անուժ է:

Արտիմետ համայնքի ղեկավար Վարդան Միրզախանյանի խոսքով՝ բաց բնահողում մշակվող բույսերին քամին վնաս չի հասցրել, թեթևակի վնասվել են ձմերուկի ցանքատարածությունները, սակայն երկրորդ բերքի միջոցով հնարավոր է փոխհատուցել վնասը, ջերմոցային տնտեսություններին հասցված վնասի չափերը դեռևս ճշտվում են: Համայնքապետը հավելել է, որ Արտիմետում այս տարի հատկապես կարտոֆիլի բարձր բերք են ակնկալում: