ՀՀԿ-ի համար նախագահական ընտրություններից հետո ամենահրատապ հարցը քաղաքապետի ընտրություններն են: 2013թ. մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները իրենց լուծումը պիտի ստանան մինչև մայիսի 5-ը:
ՀՀԿ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետը: Նրան հնարավորություն տալիս են, բայց իրականում գիտեն, որ «զոհում» են քաղաքապետին: Ըստ նախապես գրված սցենարի' ՀՀԿ-ն քաղաքը պետք է հանձներ ԲՀԿ-ին, սակայն ընտրությունների ընթացքը կարող են տող առ տող ջնջել նախապես գրված սցենարն ու ձեռք բերած պայմանավորվածությունը: Հիմա ՀՀԿ-ն մտորումների մեջ է. պահել նախկին պայմանավորվածությունը ԲՀԿ-ի հետ կամ սպասել ու տեսնել ինչպես կզարգանա հետընտրական իրավիճակը «Ժառանգության» շուրջ: Եթե այդ կուսակցության շուրջ ավելանա հավաքվածների քանակն ու այն ավելի անդրդվելի դառնա, ապա Երևան քաղաքը կհանձնեն «Ժառանգությանը»: Բայց այս քայլը կանեն ոչ թե նրա համար, որ հաշվի են առնում մեծ թվով երևանցիների քվեն, որ ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ որպեսզի փոշի փչեն ժողովրդի աչքերին ու չորս տարի շարունակ ասեն, որ ժողովրդավար իշխանություն են: Ամեն դեպքում, եթե նույնիսկ «ժառանգության» շարքերը նոսրանան, ապա քաղաքապետի աթոռը ԲՀԿ-ին հանձնելը կա ու կա: Տարոն Մարգարյանին էլ ՀՀԿ հնարավորությունը տալիս է. «Տարոն ջան, կարո՞ղ ես, անցի՛»: Կանաչ լույս են ցույց տալիս, բայց իրականում կարմիր լույսը վաղվուց վառված է: Իսկ «Ժառանգության» և ԲՀԿ-ի համար սցենարը թելադրելու է ժամանակը:
Բացի սրանից, քաղաքապետի յուղոտ պատառի հանդեպ անտարբեր չէր կապի և տրանսպորտի նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա իր պարտականությունները լավ կատարեց նախագահական ընտրություններում՝ իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում քվեների ցանկալի արդյունք ապահովեց նախագահին: Եթե ձայներ է տնօրինում, արդյո՞ք թույլ կտար Տարոնին առաջ անցնել, երբ ինքն էլ նույն աթոռին նստելու ցանկություն ուներ: Մյուս կողմից Տարոնի «տիրույթ» համարվող Ավան վարչական շրջանում, նախագահը պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոնց էլ պտտվի անիվը, Տարոն Մարգարյանը Անաստասիա Վոլոչկովային էլ չի տեսնելու:
Բեթղեհեմ Արաբյան