2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած եւ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել,որ սույն գործով դատավարությունն արդեն սկսվել է:

45-ամյա ոստիկանը ՊՊԾ գնդի գրավման օրը ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, նա մի քանի օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մկրտչյանը մահացել է օրեր անց՝ օգոստոսի 13-ին:

Հասմիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ ամուսինը վիրահատվելուց հետո մի քանի օր կցկտուր որոշ մանրամասներ է պատմել ՊՊԾ գնդի գրավման, իր վրա կրակելու մասին: Այպիսով՝ Գագիկ Մկրտչյանը տիկնոջը պատմել է, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը պայթյունի նման ձայն է լսել, տեսախցիկներով տեսել է, որ մի բեռնատար հարվածել է գնդի դարպասներին: Մկրտչյանը մտածել է, որ վթար է եղել, քանի որ գրավումից մի քանի օր առաջ վթար էր եղել՝ մեքենայով հարվածել էին գնդի դարպասներին: Մտածելով, որ վթար է եղել շտապօգնություն են զանգահարել: Այդ րոպեներին ավագ ենթասպան չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում:

«Հետո տեսել է զինված մի քանի հոգու: Այդ ընթացքում նա հասցրել է իր հետ եղած տղաներից մեկին տալ այն սենյակի բանալին, որտեղ պահվում է ամբողջ զինմաթերքն ու ասել է՝ սա վերցրու դու գնա: Էլ չեն պատկերացրել, որ էդ դուռը լոմով կբացեն: Հետո տեսել է, որ զինված գնում են դեպի իր աշխատասենյակ, դուռը փակել է: Հասել են դռան մոտ ու հրահանգել, որ դուռը բացի, չի բացել, հետո լոմով բացել են դուռը հարցրել են՝ ինչի՞ չէիր բացում, ասել է՝ ուստավով չի թույլատրվում: Գագիկը պատմեց՝ դրանից հետո զենքը պահեցին ցելով խփեցին: ՊՊԾ գնդում պատանդ պահվող ոստիկանները մտածել են, որ Գագիկի թեւն է վնասվել, բայց հետո տղաները տեսել են, որ Գագիկը կողքից հրազենային վնասվածք է ստացել, համոզել են, որպեսզի Գագիկին թողնեն դուրս գա, որ արնաքամ չլինի: Հետո տղաներից մեկին դրել են Գագիկի հետ, ասել են՝ կհասցնես մինչեւ դարպասների մոտ դու հետ կգաս, սպառնացել են էդ տղային գնդում մնացած մյուս ոստիկաններով: Ամուսնուս հասցրել է մինչեւ դարպասների մոտ, էդտեղից արդեն Գագիկը տենց ծանր վնասվածքով մոտ 500 մետր քայլել է դեպի ոստիկանական մեքենաները, ինչից հետո էլ տեղափոխել են հիվանդանոց»,-ամուսնու պատմած մանրամասները փոխանցեց սպանված ոստիկանի կինը:

Նա ասաց, որ Մկրտչյանը չի իմացել, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Հարազատները Գագիկ Մկրտչյանի հետ կարողացել են 20 օր շփվել, վերջին 7 օրը նա անգիտակից վիճակում է եղել:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում