ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը:
Ձեր ստեղծագործությունները սիրված և գնահատված են երաժշտասեր հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական շնորհակալ գործունեությունը ամբողջացնում են արվեստագետի և մտավորականի Ձեր կերպարը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: