Մենք հավաքում ենք լավ ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան լուծել ակումբի առջև դրված խնդիրները: Այս մասին տեսակամուրջի միջոցով անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը:
«Թիմը նոր է հավաքվում: Ակումբի նախագահի հետ զրույցից հետո որոշվեց, որ թիմը գլխավորեմ ես: Պետք է այնպես անենք, որ ակումբը հայտնի դառնա, լինի «Արարատ»-ի դեմքը: Ցանկանում ենք, որ մեր, ակումբի ղեկավարության աշխատանքի և ձեր ուշադրության շնորհիվ դառնանք բրենդ, ցույց տանք արժանի խաղ, սա է թիմի նպատակը: Հուսով եմ՝ թիմի ղեկավարության, ֆուտբոլիստների աջակցությամբ՝ կստեղծենք արժանի թիմ, որը կհաղթի:
Երկրորդ դիվիզիոնում լեգիոներներ չեն կարող լինել: Եթե թիմում լինեն որոշակի քանակությամբ հայեր, լավ է: Եթե լինեն համապատասխան ֆուտբոլիստներ, անկախ ազգությունից, կփորձենք ընդգրկել կազմում: Ունենք ֆինանսական որոշակի հնարավորություններ և դրա շրջանակներում ֆուտբոլիստներ կփնտրենք: Մենք հավաքում ենք լավ ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան լուծել ակումբի առջև դրված խնդիրները:
Պետք է հասկանանք մի բան. անունները չէ, որ ֆուտբոլ են խաղում, այլ մարդիկ: Եթե լինեն ֆուտբոլիստներ, ովքեր չեն համապատասխանի ակումբի փիլիսոփայությանն, ապա ինքնըստինքյան՝ դուրս կմնան թիմից»: