Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթե»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին:
Անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին՝ «Մանչեսթեր Յոեւնայթեդ»-ի երկրպագուների կողմից իրեն երգ նվիրելու վերաբերյալ, Մխիթարյանն ընդգծել է, որ սիրում է այդ երգը և այն իրեն մոտիվացնում է, երբ լսում է այն մարզադաշտում:
Պատասխանելով մեկ այլ օգտատիրոջ հարցին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի Չեմպիոնների լիգա վերադարձի վերաբերյալ՝ Մխիթարյանը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տեղը հենց Չեմպիոնների լիգան է: «Մենք շատ ուրախ ենք, որ կրկին մասնակցելու ենք այդ մեծ մրցաշարին: Նոր մրցաշրջանում մենք խաղալու ենք տիտղոս նվաճելու համար: Մեզ ֆանտաստիկ խաղ է սպասվում «Ռեալ»-ի հետ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում»,- ասել է նա:
Օգտատերերից մեկին հետաքրքրել է, թե Հենրիխ Մխիթարյանի համար ո՞րն է ավարտված մրցաշրջանի ամենահիշարժան պահը: Ֆուտբոլիստը պատասխանել է, որ ամենահիշարժան պահը Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելն էր: «Մենք շատ էինք աշխատում այդ մրցաշարում հաղթելու համար: Իսկապես շատ կարևոր է, որ մենք կարողացանք անել դա: Եվ հիմա բոլորս սպասում ենք Չեմպիոնների լիգա վերադարձին»,- ընդգծել է Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը նաև ընդգծել է, որ ցանկանում է նոր մրցաշրջանում ավելի շատ գոլեր հեղինակել և գոլային փոխանցումներ կատարել ու օգնել իր թիմին որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճելու հարցում: Ֆուտբոլիստն ընդգծել է, որ դրա համար կներդնի բոլոր ջանքերը:
Երկրպագուներից մեկի հարցին, թե ո՞ր ֆուտբոլիստի խաղն է իրեն ոգեշնչել, Մխիթարյանը պատասխանել է, որ իր ամենասիրած ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը:
Հայ օգտատերերից մեկը հարցրել է՝ արդյոք ֆուտբոլիստը պատրաստվում է առաջիկայում Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնել, ինչին ի պատասխան Մխիթարյանը նշել է. «Ես այդ մասին մտածել եմ ու ուրախ կլինեմ զարգացնել իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը հայ երեխաներին փոխանցելու գաղափարը»:
Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ հարցին. «Ժոզեն հաղթող է: Նա շատ է աշխատում յուրաքանչյուր խաղում հաղթանակի հասնելու և համոզված լինելու համար, որ մենք բոլորս պատրաստ ենք 100 տոկոսով նվիրվել խաղերին: Նա մեզ էմոցիաներ ու մոտիվացիա է պարգևում: Ես նրանից շատ բան եմ սովորել և շարունակելու եմ սովորել առաջիկա մրցաշրջանում»:
Նա ընդգծել է, որ իր հեղինակած ամենագեղեցիկ գոլը համարում է «Սանդերլենդ»-ի դարպասը «կարիճ» հարվածով ուղարկած գնդակը, իսկ ամենակարևորը՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում Ամստերդամի «Այաքս»-ին խփած գնդակը: