Հունիսի 24-ի առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած բոլոր զինծառայողները դուրս են գրվել Վարդենիսի զինվորական հոսպիտալից։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեցին Վարդենիսի զինվորական հոսպիտալից:
«Հոսպիտալում չորս զինծառայող էր մնացել: Բոլորի վիճակն էլ բավարար էր և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից»,- մեզ հետ զրույցում ասացին Վարդենիսի հոսպիտալից՝ ավելացնելով, որ զինծառայողները վերականգնողական շրջանը կանցկացնեն տանը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։
14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ին տեղափոխել էին Երևան։
Սոնա Հարությունյան