Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը գտնում է, որ հանրահավաքների կազմակերպիչները չեն պահպանում հայկական իրականության պատկերը և պնդում է, որ հանրահավաքների անցկացման նպատակը բոլորին սադրելը և հավասարակշռությունից հանելն է:
Ավելին, քաղաքագետը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքները «հիստերիկություն» է համարում և կարծում է, որ այդ ամենը նրա համար է, որ հնարավոր լինի ստեղծել և զարգացնել քաղաքացիական անհնազանդության ալիք, ինչը նրա մոտ չի ստացվում: «Այն մարդիկ, ովքեր իրենց տեսնում են ուրիշ երկրի, ուրիշ ազգի իրականության մեջ և երևի շատ են տեսել տեսաերիզներ տարբեր արաբական գարուններից, վարակվել են և դրա համար նրանք չեն պահպանում հայկական իրականության պատկերը և փորձում են բոլորին սադրել և հավասարակշռությունից դուրս հանել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ հանրահավաքների անցկացման նպատակը հենց դա է:
Վերջինիս խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իրականում քաղաքացիական անհնազանդության ալիք չի կարողանում ստեղծել, և պարզ երևում է, որ այս ընտրություններին եղել է մեկ այլ գործընթաց, որը շատ քիչ կապ ունի կոնկրետ նախագահի ընտրությունների հետ: «Ես չեմ կարծում, որ Գյումրի քաղաքը, որը միշտ քվեարկել է իշխանությունների օգտին, կարող է հիմա քվեարկել ուրիշի օգտին, կապ չունի, թե նա ով է: Դա նշանակում է, որ այստեղ ինչ-որ խորքային գործընթացներ են տեղի ունենում»,-նշեց քաղաքագետը՝ գտնելով, որ տվյալ պարագայում «Ժառանգություն» կուսակցության մոտ չկա հետագա գործողությունների ծրագիր:
Ըստ նրա, եթե ԶԼՄ-ները ճիշտ են ներկայացրել, վերջին հանրահավաքի ժամանակ հեղափոխականները փորձել են Հայաստանի բնակչությանը վախեցնել ռուս դեսանտայիններով և տարբեր կարգի մեղադրանքներ են նետել Ռուսաստանի հասցեին: «Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք փորձում են մեր ազգին վախեցնել ռուսներով»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այն մարդը, ով եղել է արտաքին գործերի նախարար, պետք է հասկանա, թե ինչն իրականում արժեք ունի և պետք է հասկանա, թե ում ջանքերն են Հայաստանի համար եղել ավելի արդյունավետ և արագ գործող:
Վերջում Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ պետք է խոստովանել, որ մեր տարածաշրջանում միշտ արդյունավետ է եղել Ռուսաստանի գործուներությունը, հատկապես Արցախի հարցի կարգավորման գործընթացում: