Գերմանիայի խորհրդարանը հավանություն Է տվել միասեռ ամուսնությունների օրինագծին: Ինչպես հայտնել Է Deutsche Welle-ն, փաստաթուղթն ընդունվել Է ձայների մեծամասնությամբ. «կողմ» Է քվեարկել 393 պատգամավոր, «դեմ»՝ 226-ը, չորս պատգամավորներ ձեռնպահ են մնացել:

Օրինագծի համաձայն, սեռական փոքրամասնության ներկայացուցիչները կկարողանան պաշտոնապես ամուսնություններ կնքել եւ ունենալ նույն այն իրավունքները, ինչ եւ ավանդական ընտանեկան զույգերը, օրինակ, կկարողանան երեխաներ որդեգրել, հաղորդել Է BBC-ն: Մինչ այդ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները Գերմանիայում կարող Էին կնքել այսպես կոչված «քաղաքացիական միություններ»:

Նշվում Է, որ կառավարող կոալիցիայում մեծամասնություն ունեցող Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը հանդես Էր գալիս միասեռ ամուսնությունները ճանաչելու դեմ: Սակայն այս շաբաթ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Անգելա Մերկելը կուսակիցների հորդորել Է, որ նրանք այս դեպքում որոշումն ընդունեն ինքնուրույն՝ «խղճի թելադրանքով», այլ ոչ թե ղեկավարվել համակուսակցական դիրքորոշմամբ: Միեւնույն ժամանակ Մերկելն ինքն ավելի վաղ չի պաշտպանել միասեռ ամուսնությունների օրինականացման գաղափարը եւ քվեարկության ժամանակ դեմ Է արտահայտվել:

Սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, Գերմանիայի բնակչության մեծամասնությունը պաշտպանում Է միասեռ ամուսնությունների օրինականացումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: