Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1 միլիոն 600 հազար մարդ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, այս մասին հայտարարել է կուսակցության խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը:

Հունիսի 15-ին մեկնարկած «արդարության երթ»-ն ավարտվել է հուլիսի 9-ին Ստամբուլի Մալթեփե շրջանում: Քըլըչդարօղլուն և իր կողմնակիցներն այդ օրերի ընթացքում անցել են 436 կմ ճանապարհ: Ցուցարարները Մալթեփեում պահել են կուսակցության դրոշակները, ինչպես նաև պաստառներ «արդարություն» գրությամբ:

Ուշագրավ է, որ Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե հանրահավաքին մասնակվել է ընդամենը 175 հազար մարդ:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել էին իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Այն իրականացվում էր՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին այն բեռնատարների վերաբերյալ, որոնցով թուրքական հետախուզությունը զենք էր մատակարարում Սիրիայում գործող ԻՊ ահաբեկիչներին: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում: