Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին, «Սասնա ծռեր»-ի գործով 18 մեղադրյալի մասով դատական նիստը դեռ չմեկնարկած` ընդմիջվեց:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնություն են կանչել:
Նշենք, որ ընդմիջում հայտարարելու պահին ամբաստանյալները դատական նիստերի դահլիճ չէին բերվել:
Ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատավորից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է իր պաշտպանյալը և ինչո՞ւ ներկա չէ նիստերի դահլիճում. «Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառված սանցիայի ժամկետը չի լրացել և այդ պատճառով նա չի ներկայացել նիստի»,- նշեց դատավորը։
Նշենք, որ այս քրեական գործը ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված քրեական ընդհանուր գործից անջատված մասն է, որի շրջանակներում մեղադրյալները 18-ն են: Հիշեցնենք՝ մյուս վարույթի շրջանակներում մեղադրյալները 14-ն են:
Հիշեցնենք,որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: