Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի տնօրեն է նշանակվել Զարուհի Մուրադյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց նորանշանակ տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ՝ պարզելու, թե մինչ այս ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ ծրագիր է ներկայացրել, ինչպե՞ս է անցկացվել մրցույթը և ինչպե՞ս եղավ, որ հենց ինքն ընտրվեց հիմնադրամի տնօրեն:
Մեզ հետ զրույցում Զարուհի Մուրադյանն ասաց, որ ինքն ընտրվել է մրցույթի արդյունքում, որին ներկայացրել է «Հայաստանի հանրապետության 2018-2022 թթ. խաղողագործության և գինեգործության զարգացման համալիր ծրագրի» տեսլականը, ոլորտի զարգացման հեռանկարները. «Հաշվի են առնվել նաև կենսագրական տվյալները՝ կրթություն, փորձառություն, և, թե ես ինչպե՞ս եմ պատկերացնում, ի՞նչ ուղղություններով կարող ենք զարգացնել ոլորտը։ Մինչ այս եղել եմ Երևանի կինոակադեմիայի հիմնադիր տնօրեն, «Երիտասարդ գինեգործների միավորման» նախագահ։ Ոլորտի զարգացման ուղղությամբ շատ ծրագրեր են իրականացվել, որոնց շատ ակտիվ մասնակցել եմ: Ոլորտի խնդիրները, զարգացման ուղիները ինձ համար պարզ են ու հստակ»,- ասաց նա:
Փաստորեն, ինչպես նշեց տնօրենը, ինքը տեղյակ չէ, թե ի՞նչ կերպով է անցկացվել մրցույթը. «Ճիշտն ասած, տեղյակ չեմ՝ ինչպե՞ս է մրցույթը տեղի ունեցել, քանի՞ հոգի են դիմել ու ի՞նչ ծրագրեր են ներկայացրել: Նախնական մրցույթ է արվել, ներկայացրել ենք ծրագրերը, այնուհետև վերջնական ընտրություն է եղել, որի արդյունքում ես եմ ընտրվել և արդեն ներկայացրել եմ իմ ծրագիրը»:
Հարցին՝ ի՞նչ կարևոր դրույթ կա ծրագրի մեջ և ի՞նչ արդյունավետություն այն կունենա՝ իրականություն դառնալու պարագայում, Մուրադյանը պատասխանեց․
«Կարծում եմ՝ ներկայացված ծրագիրը նպատակային է: Այնտեղ ներկայացված է, թե ինչպես կարգավորել ոլորտը, կամ ինչպես առաջ մղել հայկական գինիները միջազգային շուկաներում, ինչպես բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը, արտահանման քանակի ավելացումը: Ծրագրերի մյուս կետերը վերաբերում են ներքին խնդիրներին. ինչպես աջակցել ֆերմերներին, ինչպես բարձրացնել արտադրանքի որակը»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ լուծում է տեսնում Քաղցրաշեն գյուղի խաղողագործների խնդրի վերաբերյալ, քանի որ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը չի տվել նախորդ տարի մթերած խաղողի դիմաց պարտքը, տնօրենը նշեց, որ երկու ամիս է՝ ինչ տնօրեն է, և չի կարող այդ հարցի պատասխանը տալ․ «Մինչև մենք հստակ չհասկանանք խաղողագործների խնդիրները, չենք կարող ծրագրեր իրականացնել իրենց աջակցելու ուղղությամբ։ Շատ կարևոր է համագործակցությունը մեր, ֆերմերների, նախարարության, արտադրողների միջև, և մենք հանդիպումներ ենք ունեցել և արձանագրել ենք բոլոր առաջարկությունները: Այժմ ընթացքի մեջ է, մեկ ամսից մենք հստակ պատկեր կունենանք և կհասկանանք ինչպիսի՞ն է իրավիճակը, թե որքա՞ն է պարտքը, պայմանագրային վիճակները՝ թղթեր ունեն, թե՞ ոչ և այլն: Չենք կարող կանխատեսել ու մոտավոր թվեր ասել, դա պետք է հիմնավորվի հանդիպումներով ու քննարկումենրով»,- նշեց նա։
Մուրադյանի խոսքով՝ թերթիկ են մշակել, որով փորձելու են վեր հանել խաղողագործության ոլորտում առկա խնդիրները․ «Մինչև հիմա հստակ տեղեկություն չունենք, թե մեր խաղողի այգիների տարածքը ինչքան է, ի՞նչ տեսակներ ունենք, ի՞նչ խնդիրներ ունի ֆերմերը մշակման հետ կապված»:
Հ․Գ․ Փաստորեն, նորանշանակ տնօրենը տեղյակ չէ, թե ի՞նչ հիմունքներով է կատարվել տնօրենի թափուր հաստիքի ընտրությունը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքով է կատարվել երիտասարդ կնոջ ընտրությունը․ ընկեր-ծանոթ-բարեկա՞մ, թե՞ իսկապես կեսագրությունն ու փորձառությունը հաշվի առնելով։
Սոնա Հարությունյան