Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը:
Ոստիկանության մարմինների գործունեությունը դիտարկելով համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց գոծընթացի շարունակականությունն ու անցումը որակական ու խորքային փոփոխությունների:
«Տարին ամփոփելուց խոսել ենք այն մասին, որ 2018 թվականին պետք է մուտք գործենք 100 %-անոց շտկված, ձևափոխված, կերպարանափոխված, բարեփոխված ոստիկաններով, չնայած դրան շատ խոչընդոտներ կան: Այնուամենայնիվ, դա մեր ծրագիրն է և երկրորդ փուլը այնտեղ ավարտենք այդպիսի ցուցանիշներով: Մենք երրորդ եռամսյակին որոշումներ կկայացնենք անձնակազմի վերաբերյալ, իսկ հիմա կամփոփենք ու կնշենք այն թերությունները, ինչ մենք այս կիսամյակում դեռ ունենք ու մեզ խանգարում են:
Երեք ամիս հետո կանդրադառնանք դրանց շտկման եղանակները' էֆեկտիվ են եղել, թե' ոչ, շտկվել են, թե' ոչ, սուբյեկտիվ են, թե' օբյեկտիվ են այդ թերությունները: 9-րդ ամսում մենք որոշում կկայացնենք, թե ովքեր են մնում շարունակելու, ովքեր կամք ունեն շարունակելու բարեփուխմումների ծրագիրը, իսկ ովքեր դրա դրսևորումներում ծուլացած են հրաժեշտ կտան մեր համակարգին»,-իր խոսքում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: