Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանը դանակահարվել է իր հոգեբանական կենտրոնում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպիհետևանքով քաղաքացի Ռ. Պ.-ն շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

«Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է արյան մեծ կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը»,- ասացին՝ հիվանդանոցից:

Ներկա պահին վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր:

Նշենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռուբեն Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: 

Նշանակվել է դատաբժշկական քննություն: Կատարվում է քննություն:

Սոնա  Հարությունյան