Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր փորձել են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել՝ արդյոք այսօր հանդիպումներ եղե՞լ են քաղաքապետարանի աշխատակիցների և առևտրականների միջև, թե՝ ոչ: Մեզ փոխանցեցին, որ այսօր հանդիպում չի եղել, մինչդեռ առևտրականների հետ պարբերաբար հանդիպումներ է ունեցել փոխքաղաքապետը:
«Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը մոտ մեկ տարի առաջ էր հանդիպել առևտրականների հետ և ասել, որ Ֆիրդուսում քաղաքաշինական ծրագիր պետք է իրականացվի և պատրաստակամություն էր հայտնել նրանց աջակցելու: Առևտրականների հետ մշտապես բանակցություններ և քննարկումներ են եղել՝ այլ վայրեր տեղափոխվելու հետ կապված: Մոտ 20-30 առևտրական արդեն տեղափոխվել են»,- փոխանցեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանից նշեցին, որ Ֆիրդուսի ապամոնտաժման աշխատանքները վաղուց են սկսվել և քաղաքապետարանը չի քանդում կամ սարքում, այնտեղ հայտարարված է հանրային գերակա շահ և կառուցապատող ընկերություն կա, որն իրականացնում է կառուցապատման աշխատանքներ:
Այսօր մեզ հետ զրույցում առևտրականները նշում էին, որ իրենք անակնկալի են եկել, երբ իմացել են, որ հենց այսօր են կատարվելու ապամոնտաժման աշխատանքները: Աշխատակիցներին նախապես չի՞ զգուշացվել այսօր իրականացվելիք քանդման աշխատանքների մասին հարցին քաղաքապետարանից պատասխանեցին. «Իրենց հետ պարբերաբար հանդիպումներ են եղել և իրենք գիտեին, որ նման աշխատանքներ են իրականացվելու: Եթե այսօր չսկսեին, վաղը սկսեին՝ ի՞նչ տարբերություն, եթե այդ մասին բազմիցս ասվել է իրենց: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են անականկալի եկել»:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործունությանը: Հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ քաղաքապետը հանձնարարել էր բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:
Սոնա Հարությունյան