«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության վարչությունը երեկ միացել է «Ելք» շարժման կազմակերպած՝ «Հանուն մեծատաղանդ գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի» նախաձեռնությանը:
Վանո Սիրադեղյանը Երրորդ հանրապետության առանցքային դեմքերից մեկն է, մի կերպար, որում արտահայտվում է մեր պետության հակասականությունը: Սիրադեղյանը մեծ դեր ունի պետականության վերականգնման գործընթացում, նրա ապահոված հուսալի թիկունքը մեծապես նպաստեց Արցախյան հաղթանակին: Մյուս կողմից՝ Վանոն իշխանության ներսում նպաստեց ուժային սեգմենտի ուժեղացմանը, ինչն անխուսափելիորեն հանգեցրեց պետական համակարգի ճգնաժամի:
Վանո Սիրադեղյանը 1998-ին անվերապահ աջակցություն հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն հետո չկարողացավ դիմանալ Քոչարյանի իշխանության քինախնդրությանը: Մեծ հաշվով՝ ճիշտ չէր Վանոյի հեռանալը երկրից, եթե նույնիսկ արդարադատության փոխարեն նրան սպառնում էր հաշվեհարդար: Քաղաքական առաջնորդը պետք է պատրաստ լինի անգամ բանտի ու զրկանքների և նույնիսկ քինախնդիր իշխանության կամակատար դատարանում կարողանա ապացուցել իր ճշմարտությունը, հասարակությանը ցույց տա, որ ոչ մի պարագայում չի պատրաստվում խույս տալ արդարադատությունից, հեռանալ երկրից:
Վանոյի հեռանալուց հետո, ըստ էության, նրա թեման դադարեց ակտուալ լինել քաղաքական դաշտում՝ խնդիրը տեղափոխելով իշխանության բարոյական պատասխանատվության դաշտ:
Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալուց հետո նրա շրջապատն անընդհատ ակնարկում էր, որ երկրի ղեկավարն ինչ-որ ուղիներ է փնտրում Վանոյին երկիր վերադարձնելու համար: Ուղղորդվող լրատվական այս արտահոսքերն իրականում նպատակ ունեին Վանոյի խնդիրը քաղաքական սակարկության թեմա դարձնել Տեր-Պետրոսյանի թիմի հետ իշխանության հնարավոր բանակցություններում:
2008-10թթ. դրամատիկ զարգացումների օրերին Սիրադեղյանն իր արժանապատիվ չեզոքությամբ, բացակայությամբ թույլ չտվեց, որ իր հարցը շահարկվի ո՛չ Սարգսյանի և ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի կողմից:
Վանոն ու Հայրենիքն իրարից փոխադարձաբար խռով են՝ միմյանց լքելու համար: Հիմա վիճակը շատ պարզ է ու հստակ. Վանոյի բացակայությունն անարդար է՝ առնվազն բարոյական ասպեկտով, որովհետև երկիրը կարոտ է նրա խոսքին, խելառությանը, գրչին: Վանոյի հարցը վաղուց քաղաքական չէ ու գտնվում է իշխանությունների բարոյական պատասխանատվության դաշտում:
Սերժ Սարգսյանն իր նախագահական տասնամյակը կարող է եզրափակել գեղեցիկ ու խորհրդանշական քայլով՝ հայրենիք վերադարձնել Վանոյին: Դա կլինի իշխանության տոլերանտության հիանալի դրսևորում՝ մանավանդ, որ Հայրենիքն էլ Վանոյին է կարոտել՝ լուռ արձագանքելով «Շարժման ասպետի» կարոտած աչքերին:
Նյութի աղբյուր՝ 1in.am