Կառավարության օգոստոսի 3-ի նիստում, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը գործադիրի համաձայնությանը ներկայացրեց ծխելու դեմ պայքարի ռազմավարության նախագիծը:
Ըստ նախարարի՝ այս ռազմավարության ընդունմամբ Հայաստանում մինչև 2 տոկոսով կնվազի ծխախոտի օգտագործումը:
Այս նախագծով նախատեսվում է ծխելու դեմ պայքարի վերաբերյալ իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության իրականացում, ծխելու դեմ պայքարին ուղղված գործող օրենսդրական դաշտի վերանայում և լրամշակում, ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում, դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացում, ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում: Այսպիսոով, ռազմավարության ներդրման ընթացքում ակնկալվում է իրականացնել մի շարք իրավական ակտերի փոփոխություններ և լրացումներ` ԱՀԿ Ծխելու դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի պահանջներին համահունչ:
Նախագծում նշված է, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներն իրականացվելու են մեկ փուլով` 2017-2020 թվականների:
Նախարար Ալթունյանի զեկուցումից հետո վարչապետը ասաց. «Ընենց որ, քիչ ծխեք»: