Մի շարք փաստեր հաստատում են, որ տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատունը կառավարում է տեղի ընդդիմության գործողությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ցանկացած երկրում՝ Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայում, կան մի շարք փաստեր, երբ ամերիկյան դեսպանատունը բառացիորեն ղեկավարում է գործընթացները, այդ թվում ընդդիմության գործողությունները»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, Ռուսաստանի շատ քաղաքացիներ են աշխատում ամերիկյան դեսպանատանը, որպես տեղում աշխատանքի ընդունվածներ։ «Վիեննայի հռչակագրով, եթե դու ընդունում ես անձնակազմ տվյալ երկրում, որտեղ դեսպանատունն է, այդ անձնակազմը կարող է միայն տեխնիկական լինել՝ վարորդներ, տպագրողներ եւ այլն։ Նրանք իրավունք չունեն զբաղվել դիվանագիտական գործունեությամբ, այդ թվում քաղաքական հարցերով»։
Այդուհանդերձ, նա շեշտել է, որ ռուսական կողմը հաճախ է բացահայտել դեպքեր, երբ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, որոնց տեղում են աշխատանքի ընդունել, շրջել են մարզերով, բնակչության շրջանում հարցումներ իրականացրել՝ թե ինչպես են նրանք վերաբերվում նահանգապետին, կամ դաշնային կենտրոնին։
Խոսելով միջազգային հարաբերությունների մասին՝ ՌԴ ԱԳՆ-ն ասել է. «Այժմ միջազգային հարաբերություններում միանշանակ բեկումնային փուլ է։ Անցնում է անցյալ դարաշրջանը, որը բնորոշվեց նրանով, որ այն, ինչը մենք մի քանի հարյուրամյակ Արեւմուտք ենք անվանում, գերիշխում է միջազգային հարցերում եւ օբյեկտիվորեն ձեւավորվում է այն, ինչ բազմակենտրոն աշխարհակարգ ենք անվանում»,–ասել է Լավրովը։