«Կառավարության ղեկավարի գործունեությանը հետևում եմ և ասել, որ նա որևէ բան չի անում, չեմ կարող: Խնդիրն այստեղ այն է, որ նրան տրված չեն լիազորություններ՝ Կառավարության ծրագրերն ազատ իրագործելու համար և ասվածի ապացույցն այն վիճակն է, որում շարունակում է մնալ Հայաստանը»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ վարչապետն իր գործունեությամբ արդեն փաստել է, որ Սերժ Սարգսյանի կողմից որոշակի սահմաններ են դրված, ինչի հետևանքով իրեն չի հաջողվում գործել ազատ. «Վարչապետի ձեռքերը կապված են: Տեսեք՝ նա հայտարարում էր, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, արե՞ց դա, իհարկե՛, ոչ, Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ բարձր աստիճանի վրա: Օլիգարխներ՝ դարձյալ կան և շարունակում են իշխել ու իրար մեջ բաժանել Հայաստանը և հենց նրանց դեմ չի կարողանում պայքարել վարչապետը, նրան տրված չէ լիազորություն՝ օլիգարխիան արմատախիլ անելու համար»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ շատ շուտով՝ հունվար ամսից, կսկվի 2018 թվականին իշխանության համար մղվող կատաղի պայքարը:
Հարցին՝ հնարավո՞ր է համարում վարչապետի հեռացումը քաղաքականությունից, քանի որ արդեն ուրվագծվում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում թողնել երկրի ղեկավարի պոստը, Արամ Գ. Սարգսյանը պատասխանեց. «Ստեղծված իրավիճակում որևէ բան բացառել չեմ կարող: Այո՛, ամեն բան հնարավոր է»:
Աղավնի Սուքիասյան