Երբ միառժամանակ առաջ որոշում էր կայացվում կառավարության նախաձեռնությամբ Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնելու վերաբերյալ, որպես դրա անհրաժեշտության առաջնային նախապայման, եթե չեք մոռացել, բերվում էր նաև գյուղատնտեսության գործոնը: Բոլորովին էլ գաղտնիք չէ, որ ի տարբերություն աշխարհի զարգացած կամ ոչ այնքան զարգացած երկրների, մեզանում՝ Հայաստանում, որը համարվում է քաղցրահամ ջրի խնդիր չունեցող պետություն, մինչև այսօր գերխնդիր է շարունակում մնալ ոռոգման ջրի հարցը: Այսպիսով՝ համապատասխան չինովնիկները շտապում էին վստահեցնել, թե  Սևանա լճի շրջակա բնակավայրերը կառավարության համապատասխան որոշումից հետո այլևս նման խնդիր չեն ունենալու: Ճիշտ է՝ դեռ այն ժամանակ հնչում էին հիմնավորված կասկածներ Կառավարության այդ պնդման հետ կապված, սակայն մարդիկ իրենց հոգու խորքում հույս էին տածում, որ, այնուամենայնիվ, իրենք խաբված չեն մնա:

Բանից պարզվում է՝ աղետալի իրավիճակ է ստեղծվել հատկապես այն բնակավայրերում ու համայնքներում, որոնք պետք է իրենց ոռոգման ջուրը ստանային հենց Սևանից կատարված ջրառի շրջանակներում. դիցուք՝ Շամիրամում ու այլ բնակավայրերում գյուղացիությունը կանգնել է փաստի առաջ, քանի որ այն ջուրը, որը պետք է բաժին հասներ հասարակ բնակչությանն, ուղղորդվել է խոշոր սեփականատերերի հողատարածքներ, իսկ մնացած մասն էլ՝ համապատասխան ՀԷԿ-եր՝ օբյեկտներ, որոնց տերերը, հասկանալի է, չեն կարող վերջին մարդը լինել Հայաստանում: Այսինքն՝ փաստացի գործ ունենք տարրական խաբեության հետ, երբ հասարակների շահերն ուղղակի ստորադասվում են «թափովների» քմահաճույքներին:

Հիմա այս ամենի հետ կապված բնական հարց է առջանում՝ ինչպե՞ս է հայ գյուղացին մտնելու գյուղատնտեսական տարվա ամենափթթուն շրջան այն պարագայում, երբ տարրական ջրի խնդիր ունի, որի հետևանքով հողն ուղղակի անապատանում է: Այսօր շատերը նույնիսկ անասունի կերակուր հանդիսացող խոտի խնդիր ունեն, ու ստիպված շատ գյուղացիներ մորթում են իրենց կովերը կամ կենդանի-կենդանի վաճառում: Հետաքրքիր է՝ ո՞վ պետք է սրա պատասխանը տա կամ ո՞ւմ է պետք դիմել՝ խնդիրը կարգավորելու պահանջով. միգուցե Արծվիկ Մինասյանի՞ն :
Չնայած ում հոգն է, թե այս կամ այն գյուղացին ինչ խնդիրներ ունի կամ, առհասարակ, ունի, թե ոչ: Նկատենք, որ խոշոր սեփականատերերի տեսանկյունից դեռ մի բան էլ ձեռնտու է, եթե հասարակ գյուղացիներն իրենց սեփականություն հանդիսացող հողերը վաճառքի հանեն ու հեռանան, բա էլ ինչպե՞ս պետք է ունեցածը քառապատկեն…

Իրականում իրավիճակը չափազանց մտահոգիչ է ու պարզորոշ կերպով վկայում է ոլորտի բարձիթողության մասին: Չնայած շատ երջանիկ կլինեինք, եթե այս ամենն ընդամենը անուշադրության կամ անփութության արդյունք լիներ, քանի որ ակնհայտ է, որ գործ ունենք մեր իրականությանն այնքան բնորոշ երևույթի հետ. աղքատներն ու անպաշտպանները պետք է իրենց հաշվին կերակրեն հարուստներին ու ապահովներին.բոլոր ոլորտներում է այդպես, ու միայն Սևանի ջուրը չէ, որ սույն իրողության մասին վկայում է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ