Սոչիում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Երևանում ընդունում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Այս հանդիպումը բավականին ուշագրավ է մի շարք առումներով: Անշուշտ, Թուրքմենստանի նախագահի այցը պետք է դիտարկել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության ֆորմատում: Թուրքմենստան-Իրան-Հայաստան գործակցությունը, ըստ տրամաբանության, չի կարող ունենալ այլ նպատակ՝ գոնե Իրանի և չեզոք Թուրքմենստանի համար, քան Հայաստանի միջով դուրս գալ Վրաստան և Սև ծով: Եվրոպան հետաքրքրված է թուրքմենական գազով, անգամ կան խոշոր գազամուղային նախագծեր, օրինակ՝ ՏԱՆԱՊ-ն իր ճյուղային տարբերակներով: Սակայն դրանք շրջանցում են Հայաստանը եւ ներառում են Ադրբեջանն ու Թուրքիան: Սերժ Սարգսյանն օգոստոսին Իրան մեկնելուց առաջ հայտարարեց, որ Հայաստանն Իրանի համար դեպի Սեւ ծով ամենաանվտանգ եւ կարճ ճանապարհն է: Սարգսյանի հայտարարությունը թերեւս ուղղված էր ոչ միայն Իրանին, այլ նաեւ, իսկ գուցե առաջին հերթին՝ Եվրոպային:
 
Հայաստան-Իրան-Թուրքմենստան համագործակցությունը բավականին հետաքրքիր ու հեռանկարային նոր ռազմավարական ուղղություն է: Դժվար է այսօր խոսել այդ համագործակցության ձևաչափերի մասին, բայց այն հեռանկարային է այն առումով, որ Հայաստանն այդ պետությունների հետ առանձին համագործակցության ավանդույթներ ունի: Երկար տարիներ Թուրքմենստանն է եղել գազի հիմնական ներմուծողը Հայաստան, նմանատիպ համագործակցության բավականին էֆեկտիվ ծրագիր կա Իրանի հետ: Հետևաբար՝ այս երկու համագործակցության ձևաչափերը հույս են տալիս ասելու, որ այս եռաչափ համագործակցությունն էլ որոշակի հեռանկարներ ունի: Առհասարակ, էներգետիկ համագործակցությունն իր ձևաչափով միշտ բավական արդյունավետ է, երբ այն բազմակողմ է, այսինքն՝ ոչ միայն երկու երկրների միջև համագործակցություն է, այլ որոշակի համակարգային համագործակցություն, որի մեջ ներգրավված են 2-3 և ավելի երկրներ. նմանատիպ համագործակցությունը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել էներգակիրների ներմուծումը, և հնարավորություն է տալիս դառնալ տրանզիտային պետություն, ինչպես նաև՝ հնարավորություն է տալիս արտահանել այն էներգակիրները, որ տվյալ պետությունում արտադրվում են: Հիմնական խոչընդոտներից է այն, որ համագործակցության այս ձևաչափն իրավական առումով դեռ ձևակերպված չէ, տարբեր պայմանագրեր դեռ չկան: Խոչընդոտ են նաև տեխնիկական խնդիրները՝ Իրանից մեծ ծավալով գազ ներմուծելու հնարավորություն դեռ չունենք:
 
Նման հսկայական պաշարներ ունեցող երկրների համար ամենակարևորը սպառման շուկայի ապահովումն է, ու Հայաստանը և՛ Իրանի, և՛ Թուրքմենստանի համար կարող է դիտարկվել միայն որպես էներգառեսուրսների տրանզիտային երկիր: Սակայն հայաստանյան տրանզիտը անմիջականորեն կապված է Մոսկվայի հետ ու ուղղակիորեն առնչվում է Կրեմլի աշխարհաքաղաքական շահի հետ: Ռուսաստանի համար Իրանը և Թուրքմենստանը երկրի հարավ-արևմուտքում տարածաշրջանային գործընկերներ են, որոնց հետ հարաբերությունների խորացումը երկարաժամկետ ռազմավարական ուղենիշերից է: Այս երկրների հետ առևտրաշրջանառությունը նախատեսվում է հասցնել տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների:Հայաստանն այս համատեքստում տեղավորվում է որպես Եվրասիական միության հարավային դարպաս և իր աշխարհագրական դիրքով դառնում է խոշորամասշտաբ նախագծերի տարանցիկ ուղիներից մեկը:
 
Ակնհայտ է դառնում, որ այս երեք երկրների տնտեսական հարաբերությունները վերածվում են ռեգիոնալ աշխարհաքաղաքական համագործակցության, իսկ Հայաստանը հայտնվում է երեք «գազային գերտերությունների» (ՌԴ-ԻԻՀ-Թուրքմենստան) համագործակցության կենտրոնում:Այդպիսով՝ Թուրքմենստանն ու Իրանը իրենց էներգառեսուրսների արտահանման նոր ճանապարհ են հարթում դեպի Եվրասիական միության հարավային գոտի, ապա երկարաժմակետ կտրվածով նաև արևմուտք՝ Եվրոպա, ինչը կարող է այլընտրանք լինել գազամուղերի թյուրքական նախագծերին (Վերնատոլիական գազամուղ) և Ադրբեջանը շրջանցող գազամուղ լինել տարածաշրջանի համար: Դա իրականում կվերածվի մեր արևելյան հարևանի համար «գազային թակարդի» ու կձգի այդ երկրի ծավալապաշտական սանձերը:
 
Ստելլա Խաչատրյան