Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի հյուրատան նախկին շենքի փոխարեն հյուրանոցային համալիր է կառուցվում: Իսկ նախկին շենքի դիմաց գտնվում էր Մոնթե Մելքոնյանի հուշաքարը:
Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկումներ են գնում այն մասին, որ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշաքարը նշված հասցեից ապամոնտաժվել է: Եվ բոլորին մի հարց է տանջում՝ որտե՞ղ է այժմ գտնվում հուշաքարը և արդյո՞ք այն կրկին զբաղեցնելու է նույն տեղը, թե՝ ոչ: Ոմանք լուսանկարներ են հրապարակում՝ վստահեցնելով, որ հուշաքարը տեղում չէ, ոմանք էլ՝ ցույց են տալիս, որ խաչքարը շինհրապարակում է՝ պոլիեթիլենային տոպրակով փաթաթված:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում երգահան Արմեն Մովսիսյանն ասաց՝ փաստորեն Մոնթեի հուշաքարը պայմանականորեն տեղում է, բայց տեղում չէ. «Ապամոնտաժված, պոլիեթիլենային թաղանթով փաթաթված խաչքարը շինարարական հարթակում է, շինանյութերի հետ: Մի նկատառում ունեմ՝ Նահանգներում, եթե մի ծառ նշված է ճարտարապետական քարտեզի մեջ ( իսկ ես կարծում եմ՝ ազգային հերոսի հուշաքարը նշված է Երևանի հատակագծի մեջ) տեղաշարժելուց, էլ չեմ ասում կտրելուց, շատ մեծ գլխացավանքներ կունենաս: Բայց մի հարց է տանջում՝ ազգային հերոսի հուշաքարն ինչո՞ւ է ապամոնտաժված իր հիմնական տեղից ու փաստացի շպրտված շինհրապարակում: Միայն չասեք՝ ապահովության համար»,- հարց բարձրացրեց Մովսիսյանը:
Երգահանի խոսքով՝ այն, որ ազգային հերոսի հուշաքարը տեղում չէ, ապամոնտաժված է, դա փաստ է, իսկ այն, որ փաթեթավորված է ու ավելի ապահով է պահվում՝ փաստ չէ:
«Հուսամ՝ հուշաքարը վերջում իր պատվավոր տեղը կվերադարձվի, հարցս դառը փորձ ունի: Երբեմն իսկապես մի բաժակ ջրում էլ ենք փոթորիկ սարքում, իսկ ինձ համար դա շատ կարևոր հարց էր, գտնել ճշմարտությունը»,- ասաց նա՝ ավելացնելով՝ ուրախ է, որ հուշաքարն անվնաս է, այլ ոչ շպրտված աղբանոցում, քանի որ դա ազգային արժեհամակարգի հարց էր:
Նշենք, որ Հյուրանոցային համալիրը կառուցում է «Էս Էռ հոթել» ընկերությունը, որի սեփականատերն է ՀՀԿ անդամ, պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը:
Մեզ հետ զրույցում Արկադի Համբարձումյանի օգնական Արսեն Սաֆարյանը հաստատեց, որ հյուրանոցը պատկանում է Համբարձումյաններին, և վստահեցրեց, որ հերոսի հուշաքարը չի հեռացվելու և դրվելու է հյուրանոցային համալիրի շենքի մոտ. «Գուցե փոխարինվի ավելի լավ խաչքարով»,- ընդգծեց նա:
Սոնա Հարությունյան