ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Կորեայում անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի (GICC) աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Կորեայի Հանրապետության նախաձեռնած ամենամեծ միջազգային միջոցառումը, որը կազմակերպվում է 2013 թվակնից ի վեր, այս տարի անցկացվում է սեպտեմբերի 4-6-ը: Այն նպատակաուղղված է կառավարությունների միջև ենթակառուցվածքների, գործարարության և ֆինանսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: 

Համաժողովի 100 բարձրաստիճան հյուրերի թվում են 20-ից ավելի նախարարներ և փոխնախարարներ, ենթակառուցվածքային ծրագրերի և բազմակողմ զարգացման բանկերի  ներկայացուցիչներ: 

Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:

Համաժողովի մասնակից պատվիրակությունները կմասնակցեն Ճարտարապետների միջազգային միության Սեուլի համաշխարհային ճարտարապետների համագումարին և «Գլոբալ խելացի քաղաք շաբաթին»:

Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտևի մեկ շաբաթ և հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա և ապագա «խելացի քաղաք» նախագծերին: 

Միջոցառումն ամբողջ աշխարհի հանրային, մասնավոր և գիտական ոլորտի առաջնորդների հետ հանդիպելու և լավագույն փորձին ծանոթանալու ինտերակտիվ հարթակ է: