Հայաստանի ընդդիմությունը փորձում է ներքաղաքական օրակարգ ձևավորել. 2018-ին թույլ չտալ Սերժ Սարգսյանին՝ զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հայաստանյան ընդդիմությունը քաջ գիտակցում է, իհարկե, որ վարչապետին ընտրելու է խորհրդարանը, որտեղ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունի՝ ամրապնդված ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համաձայնագրով: Այսինքն՝ որոշողը ՀՀԿ-ն է, բայց ընդդիմությունը փորձելու է համոզել Հանրապետականին, որ ավելի լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն վարչապետի պաշտոնը զբաղեցնի մեկ այլ հանրապետական: Ընդդիմության սխալները սկսեցին դեռևս սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարից: Դա պայքարի կեղծ օրակարգ էր, որն առաջ էր քաշվել հենց իշխանությունների կողմից: Ինչո՞ւ: Որովհետև եթե մտադրություն կա, որ Սերժ Սարգսյանը մնա իշխանության, եթե չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, ուժեղ ընդդիմություն, որը կարող է ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից, ցանկացած Սահմանադրության դեպքում նա կարող էր և կարող է մնալ իշխանության ղեկին։ Պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ինտրիգների բնագավառում Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի։ Ուստի, այդ ամենը նրան կհաջողվի, եթե ընդդիմադիր ուժերը զգոն չգտնվեն և համարժեք կերպով չգնահատեն սեփական հնարավորությունները։
 
Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը բերելով առաջնային դիրքեր, հնարավոր է լուծել ընդամենը մանր կուսակցական, այսպես ասած՝ կորպորատիվ խնդիրներ: Եթե առաջնորդվենք ընդդիմության տրամաբանությամբ, եթե նրանց գլխավոր թիրախը և երկրում տիրող անարդարության, չարիքի հիմքը Սերժ Սարգսյանն է, ապա վերջինիս վարչապետ դառնալը միանշանակ բխում է ընդդիմության շահերից: Սերժ Սարգսյանին ինչ-որ մեկով փոխարինելը կարող է առաջին հերթին ձեռնտու լինել հենց Սերժ Սարգսյանին: Նա անմիջական պատասխանատվություն է ստանձնելու Հայաստանի տնտեսության ձախողումների համար: Քաջ հայտնի է, որ ամեն անգամ վարչապետ փոխելով, Սերժ Սարգսյանը փորձել է նրանց դարձնել այդ ձախողումների պատասխանատուն: Ստանձնելով վարչապետի պաշտոնը, նա այլևս չի կարող ֆիգուրներ զոհաբերել:
 
Հայաստանի նորագույն պատմության մեջ գոնե մի դեպք հիշում ենք, երբ առաջին դեմքի հրաժարականը ոչինչ չտվեց դա պահանջող ընդդիմությանը: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հայտարարությամբ հեռացավ, բայց իր հետ չտարավ համակարգը: Ընդդիմադիր ուժերի պայքարի օրակարգը պետք է կառուցվի հենց համակարգի փոփոխության տրամաբանությամբ: Խորհրդարանական համակարգի պայմաններում անձի հեռացումն ավելի երկրորդական նշանակություն կարող է ունենալ, եթե պահպանվում են ստատուս-քվոն և այդ առանցքի շուրջ գործող համակարգը: Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը շուրջ երկու տասնամյակ կենսունակ է եղել։ Ձեւավորվել է հստակ բուրգ, որտեղ տեղադրված ամեն մի քար ունի հստակ դերակատարություն, ավելին` անփոփոխ գործառույթներով օժտված։ Բացի այդ, ստեղծվել է տիրող իրավիճակին համապատասխան ֆինանսական համակարգ, որը խճանկարային տրամաբանությամբ եւ մաթեմատիկական ճշգրտությամբ գունազարդված է եւ տարանջատված։ Քաղաքական միամտություն կլիներ ենթադրել, որ Սերժ Սարգսյանին համակարգի մաս կազմող մեկ այլ գործչով փոխարինելը կարող է լուծել ընդդիմության կողմից բարձրաձայնվող խնդիրները: Իսկ համակարգի դեմ պայքարել և այն վերացնել՝ այսօրվա ընդդիմությունը պարզապես ի վիճակի չէ:
 
 
Ստելլա Խաչատրյան