Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ընդդիմադիր խմբակցություն եք, քաղաքական ո՞ր ուժին, քաղաքական ո՞ր արարքին եք ընդդիմադիր, եթե դուք Սերժ Սարգսյանին չեք քննադատում, իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ վարչապետը իր ընկերն է: Էնֆիաջյանը պատասխանեց. «Մենք երբևիցե ինքնանպատակ ոչ անձին, ոչ երեւույթին չենք քննադատել: Եթե անձնավորված ամեն ինչին նայենք, մենք որևիցե լավ նշանակետի չենք կարող հասնել. մենք ընդդիմություն ենք ստեղծված վիճակին»:
Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների մոտ կարծես արդեն ավանդույթ է դարձել իրերն իրենց անուններով կոչելուց խուսափելը: Գրեթե ամեն օր այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը բարձրաձայնում է կոռուպցիայի աղաղակող մակարդակի մասին, բայց արի ու տես՝ անուններ տալուց խուսափում են: Գրեթե ամեն օր խոսվում է այս կամ այն որորտում գրանցված թերացման մասին, բայց չգիտես ինչու՝ թիրախավորվում են միայն երևույթները, մինչդեռ յուրաքանչյուր երևույթի, իրավիճակի հետևում կանգնած են համապատասխան և շատ կոնկրետ մարդիկ. չէ՞ որ նույն կոռուպցիան դժվար կլիներ դասել բնածին երևույթների շարքին: Մեր քաղաքական ուժերն ամեն տեսակ հնարավոր և անհնարին պատճառաբանություններ կարող են բերել, ջանք ու եռանդ չխնայելով՝ խուսափել իրերին քաղաքական գնահատականներ տալուց: Մինչդեռ քաղաքական ուժերի գլխավոր գործառույթը հենց դա է, հատկապես՝ եթե անվանում ես քեզ ընդդիմություն: Ո՞վ պետք է իրերն իրենց անուններով կոչի, ո՞վ պետք է հաղթահարի տիրող վախի մթնոլորտը, ունենա քաղաքական կամք՝ մատնանշելու մեղավորներին և քաղաքական հասունություն՝ ստեղծված վիճակից ելք գտնելու և հանրությանն ուղղորդելու համար: Անչափ ձեռնտու դիրքորոշում է՝ քննադատել երևույթները, իրավիճակը: Այդ դեպքում ոչ մեկի աչքի փուշը չես դառնա: Վստահ ենք, որ մոտ է այն օրը, երբ մեր քաղաքական դաշտում կհայտնվեն հենց նման ուժեր, քանի որ նրանց առկայության պահանջն այսօր հանրային օրակարգում է:
Ստելլա խաչատրյան