Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հանդես գալով ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանում, անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրին: Կողմերի դիրքորոշումները կտրուկ տարբերվում էին: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ավելի քան 25 տարի Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի ավելի քան 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և մեր երկրի այլ 7 շրջաններ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Երկու երկրների մոտեցումները հակադրվում են նաև պատմական գնահատականների շուրջ:
«Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը:
«Լեռնային Ղարաբաղը կազմում է Ադրբեջանի հնադարյան պատմական մասը»,- հայտարարել է Ալիևը:
Երկու երկրների ղեկավարները մեղադրեցին միմյանց զանգվածային կոտորածների և էթնիկ զտումների մեջ, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերսկսման մեջ:
«Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը»,- ասել է Սարգսյանը:
«Անցած ապրիլին Հայաստանը իրականացրեց մեկ այլ ռազմական հանցագործություն շփման գծում՝ հարձակման ենթարկելով մեր բնակավայրերը»,- հայտարարել է Ալիևը:
Երկու երկրների ղեկավարները հակամարտության կարգավորման տեսլականը ևս չի համընկնում: Տարբերեն նաև Հայաստանի և Ադրբեջանի խնդրի կարգավորման մոտեցումները:
«Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»:
«Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջապես վերականգնվի»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը լավատես չէ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում:
«Երկու կողմից հռետորաբանությունը գնալով կոշտոնում է մեղմանալու փոխարեն»,- ասում է Ռիչարդ Կազլյարիչը:
Վերլուծաբանի կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է կառուցողական գործունեություն ծավալել՝ չնայած քննադատության է ենթարկվում կողմերի կողմից: Ըստ նրա՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում ղեկավարության փոփոխությունը կարող է նոր շունչ հաղորդել կարգավորմանը, սակայն նա չի ակնկալում խոշոր առաջընթաց:
«Ես չեմ ակնկալում, որ կարող ենք առաջընթաց գրանցել, սակայն ակնկալում եմ, որ ամերիկյան նոր համանախագահի և այս տարածաշրջանի հարցերով նոր ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նշանակումները կարող են նոր լիցք հաղորդել կարգավորմանը»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը: