Երեկ ՀՀ ՊՆ-ում անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա է եղել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով, ի վերջո խախտել է երկար տևած լռությունը և լրագրողների հետ կիսվել ՀՀ տնտեսության, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության վերաբերյալ իր մոտեցումներով: Անդրադառնալով Կարեն Կարապետյանի մեկամյա կառավարմանը, Սուքիասյանը նշել է, որ կարևորում է երկրում մթնոլորտ փոխելը, հավասար պայմանների ստեղծումը, և եթե բոլոր ենթակառուցվածքներն աշխատեն, ըստ Սուքիասյանի՝ ներդրումներն ուղղակի կհոսեն Հայաստան: «Ինձ պետք չի, որ Հայաստանում այսինչը կամ այնինչը ներդրում անեն: Դրսից գումարները մեզ վնասում են»,- հավելեց Խաչատուր Սուքիասյանը:
 
Սուքիասյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսելի է հնչում, քանի որ գաղտնիք չէ՝ ցանկացած ներդրում, այն էլ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակում, միայն դրական կարելի է գնահատել: Օտարերկրյա ներդրումները հույժ կարևոր են Հայաստանի համար՝ ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումներ, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից, որի միջոցով նաև ցույց կտանք, որ մեր երկիրը բաց է, որը բազմապատիկ դրական ազդեցություն կունենա մեր կյանքի այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության վրա: Խոշոր ներդրումների պարագայում նաև պետության համար շատ հեշտ է վերահսկել և կանխել կեղտոտ փողերի հոսքը Հայաստան: Եթե Սուքիասյանի ասած ներդրումները վերաբերվեին թուրքական, կամ ասենք՝ ադրբեջանական կապիտալին՝ ինչը անշուշտ նոնսենս կլիներ, ապա ինչ-որ տեղ նրա հետ կարելի էր համաձայնվել: Դա նույնիսկ կարելի կլիներ դիտարկել իբրև սպառնալիք ազգային անվտանգությանը: Սակայն այս պարագայում Սուքիասյանի հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում: Հարց է առաջանում՝ ո՞ւմ էր ուղղված Սուքիասյանի այս մեսիջը, արդյո՞ք Կարեն Կարապետյանին, ով նախընտրական շրջանում մեծ ծավալի ներդրումների խոստումներ է տվել, սակայն մինչ օրս ոչ մեծածավալ ներդրումներն ենք տեսել, ոչ էլ դրանց դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:
 
Հայաստան օտարերկրյա ներդրումներ բերելու խոստում է տվել նաև գործարար Գագիկ Ծառուկյանը, ում հետ Խաչատուր Սուքիասյանը պահպանում է ջերմ հարաբերություններ: Հիշեցնենք՝ դեռ նախընտրական շրջանում Ծառուկյանը հայտարարում էր, որ իր հաղթանակի դեպքում իր ընկերները պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: «Երբ գա հաղթանակի ժամանակը, իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, կասեն, որովհետև գիտեն մեր ժողովուրդը լավ, աշխատող ժողովուրդ է»,-ասել էր Ծառուկյանը: Այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի և Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական հարաբերություններ և բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։ Օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ծառուկյանի հրավերով ՀՀ է ժամանելու Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը: Նա այժմ Ասիայի Օլիմպիական կոմիտեի և Ասիայի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է: Վերջինս ծրագրում է Հայաստանում մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր իրագործել: Այսինքն՝ ԲՀԿ առաջնորդը իր խոստմանը հավատարիմ՝ ապահովում է ներդրումների հոսքը, բացի այդ՝ Ծառուկյանը օտար ներդրումներ ներգրավելուց զատ, նաև իր գումարներն է ներդնում, ասվածի ապացույցը Երևանի սրտում «Կեմպինսկի» հյուրանոցային համալիրի կառուցումն է, ինչը նվազագույնը 100 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է իրենից ներկայացնում: Գուցե Խաչատուր Սուքիասյանի մեսիջն ուղղված էր հենց Գագիկ Ծառուկյանի՞ն: Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքի երրորդ համարը լինելու է հենց Խաչատուր Սուքիասյանը: Ըստ որոշ աղբյուրների՝ Սուքիասյանը հրաժարվել է այդ մտքից՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո: Այնպիսի տպավորություն է, որ  այս խոսքերով Խաչատուր Սուքիասյանը իր որոշ նեղվածությունն է ի ցույց դնում իշխանությունների նկատմամբ, և նրա մոտ՝ սրտի խորքում, չգիտես ինչու, որոշակի հարցեր են առկա նաև Գագիկ Ծառուկյանին: Ում էլ որ ուղղած լինի Սուքիասյանը, իր մեսիջը միանշանակ է, որ Հայաստանը ծարավ է ներդրումների, և ցանկացած ներդրում՝ ինքնին գովելի է: Շատ ավելի գովելի կլիներ, եթե հենց մեր մեծահարուստները մտածեին երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու մասին և իրենց գումարները դուրս բերելու փոխարեն՝ ներդնեն դրանք հենց մեր երկրում, մեր երկրի տնտեսության զարգացմանն ի նպաստ: Արդարության համար պետք է նշել, որ ի տարբերություն շատ օլիգարխների՝ Սուքիասյանների ընտանիքը մշտապես աչքի է ընկել Հայաստանում կատարած իր ներդրումներով,չնայած նրան, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Սուքիասյանները բիզնես ակտիվներ ունեն նաև Գերմանիայում:
 
Ստելլա Խաչատրյան