«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 23-ին կայացավ «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգը, որի ընթացքում ռուսական էստրադայի անվանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարեց 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին ներկա էին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Կոբզոնը համերգային բեմից հայտնեց, որ շատ անգամներ է եղել «Արամ Խաչատրյան» համերգասրահում և ամեն անգամ հուզվել է:

 «Ես այս բեմ շատ անգամներ եմ բարձրացել և ամեն անգամ հուզվելով ու նոր զգացումներով: Այս անգամ ես եկել եմ հույսով, որ հայ կոմպոզիտորների երգերը, որոնք հնարավոր է՝ մոռացել եք, նորից կհնչեն այս բեմից»,-  հանդիսատեսին իր խոսքն ուղղեց երգիչը:

Կոբզոնի կատարումների շարքից դուրս չմնացին մի քանի հայերեն լեզվով երգեր:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը երգչին բնութագրեց որպես հզոր մարդ, երաժշտությանն ու իր գործին նվիրված անձնավորություն է, ում առավելություններից մեկն այն է, որ ինքը մեծ սիրով է վերաբերվում Հայաստան աշխարհին և հայ երաժիշտներին։

«Կոբզոնը բարձր է գնահատում հայոց քանքարը, ստեղծագործական ուժը»,- նշեց Ամիրխանյանը։