Ծով տպավորություններ, նոր բացահայտումներ, անմոռանալի դեմքեր. լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովն այսպես է բնորոշել իր Արցախ կատարած այցելությունը: Իր հրապարակման մեջ բլոգերը նշել է, որ հենց հիմա պետք է շտապել Արցախ, քանի դեռ միջազգային զբոսաշրջության ինդուստրիան շատ չի հետաքրքրվել այդ շրջաններով:

Արցախ կատարած այցելության ընթացքում բլոգերի վրա մեծ տպավորություն են թողել հրաշալի բնությունը, տեսարժան վայրերը, հնագույն պատմությունը, լեռնային վանքերը:

«Ամեն դեպքում, իմ կարծիքով, այս ամենի մեջ գլխավոր խաղաքարտը հենց տեղում ապրող մարդիկ են: Ես հիացած էի նրանց ուրախությամբ, բարությամբ ու շփվելու պատրաստակամությամբ: Քաղաքային փողոցներում, շուկաներում, Աստծո կողմից մոռացված գյուղական հատվածներում մեզ բախտ վիճակվեց հանդիպել բազմաթիվ հետաքրքիր մարդկանց: Նրանք շատ ֆոտոգենիկ էին և անկրկնելի»,- նշել է նա: Բլոգերը հրապարակել է նրանց ֆոտոշարքը` ընդգծելով, որ ամենևին դժվարություն չի եղել նրանց լուսանկարահանելը: Շատ պատրաստակամ էին այդ հարցում:

Ստանիսլավ Գորբունովն առանձնացրել է արցախցիների հյուրասիրությունը, թե ինչպես են հաճելի զրույցի շրջանակում ներկայացնում իրենց բերքն ու բարիքը, առաջարկում համտեսել թթի օղին:

«Մեզ հաջողվեց ներկա լինել Տող գյուղում անցկացվող Գինու տոնին: Այստեղ էին զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից: Ադրբեջանի «Սև ցուցակ»-ը, կարծես, իրենց չի վախեցրել»,-գրել է Ստանիսլավ Գորբունովը:

Բլոգերի խոսքով, Արցախում ուժեղ հիմքերի վրա են ավանդական արժեքները` ընտանիք, հարգանք` մեծերի, սեր` երեխաների նկատմամբ:

Չնայած դժվարություններին, այն ամենին, ինչի միջով անցել է Արցախը, արցախցիները շարունակում են մնալ բարյացակամ ու ուրախ: