Իրաքյան Քրդստանում այսօր առավոտյան ժամը 08:00-ին մեկնարկել է անկախության հանրաքվեն, որը կավարտվի երեկոյան 18:00-ին:

Քրդերն իրենց վճռական այո-ն կամ  ոչ-ը կասեն «Ցանկանու՞մ եք՝ Քրդստանի շրջանը և դրա կառավարումից դուրս գտնվող քրդական տարածքներն անկախ պետություն դառնան» հարցին՝ իրականություն դարձնելով իրենց՝ տարիների երազանքը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ թեև Թուրքիան անընդհատ հայտարարում է, որ չի հանդուրժի Իրաքյան Քրդստան պետության կայացումը, բայց, այնուամենայնիվ, լուրջ պատերազմական գործողությունների չի դիմի. «Թուրքիան արդեն համակերպվել է այս իրողության հետ և անկախ այն բանից, որ այս օրերին Թուրքիայում բողոքի ակցիաներ են անցկացնում, միևնույնն է, Էրդողանը լայնածավալ ռազմական գործողությունների չի դիմի»:

Դիտարկմանն՝ արդոք Էրդողանի համակերպումը չի՞ նվազեցնի նրա միջազգային վարկանիշը՝ հատկապես աշխարհի գերտերությունների շրջանում, փորձագետը պատասխանեց. «Եթե Էրդողանը պատերազմ չսկսի, նրա միջազգային վարկանիշը անպայման կնվազի, քանի որ անընդհատ հայտարարում էր, որ պաշտպանելու է Իրաքյան Քրդստանի թուրքմեններին: Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվային, ապա տեսանք, որ այս պետությունը նախ հայտարարեց, որ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը, մյուս կողմից՝ ասում է, որ կողմ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, այսինքն՝ Մոսկվան երկու լարի վրա է խաղում: Նույնն է անում նաև ԱՄՆ-ն. նախ հայտարարում է, որ ցանկանում է հետաձգել հանրաքվեի անցկացման օրը, բայց միևնույն ժամանակ զինում է փեշմերգային»,-ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ տարածաշրջանի երրորդ խաղացող գերտերություն Իրանն այս հարցում որևէ կտրուկ քայլի չի դիմի և հանդես կգա որպես դիտորդ:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ սխալ է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն որպես նախադեպ դիտարկել, Արցախյան հակամարտության և միջազգային ճանաչման համատեքստում. «Արցախը պատմականորեն եղել է հայկական տարածք և բռնակցվել է Ադրբեջանին, Իրաքյան Քրդստանի պարագան այլ է, նրանք եղել են այլ պետության տարածքում, ուրիշ պետության տարածքի վրա են ստեղծում պետականություն: Մյուս կողմից Քրդստանը ոչ ազգային պետություն է, որի կազմում են քրդերը, ասորիները, արաբները, թուրքմեները, հայերը: Հատկանշական է, որ հենց այս հարցում գերտերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել և որոշել, որ Իրաքյան Քրդստանը երբեք ազգային պետություն չի լինելու»: