Գեղարքունիքի մարզային երկրագիտական թանգարանում  հրավիրված միջոցառմանը գիտական զեկուցում ներկայացվեց «Սեւանա լիճը եւ ձկնարդյունաբերությունը Գեղարքունիքի մարզում» թեմայով:

Զեկուցումն ունկնդրեցին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ԳՊՀ դասախոսներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ,  քաղաքի եւ շրջակա համայնքների կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ,  ձկնարդյունաբերության  եւ  ձկնաբուծության ոլորտում զգալի  ավանդ ներդրած քաղաքացիներ: Զեկուցումն ունկնդիրներին ներկայացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը:

Այն ընդգրկում էր մոտ 187 տարվա պատմություն՝ 1830-ական թվականներից մինչեւ մեր օրերը:Ավելի ընդգրկուն ներկայացվեց Ցարական Ռուսաստանի եւ ԽՍՀՄ օրոք Սեւանի ավազանում կազմակերպված ձկնաբուծության եւ ձկնարդյունաբերության ձեռքբերումների, առանձնահատկությունների, ոլորտում աչքի ընկած ձկնորսների, պատմական մի շարք իրադարձությունների մասին: Ինչպես նշեց զեկուցողը՝ հիմնական նյութերը թանգարանին տրամադրել է ՀՀ Պետական արխիվի Գեղարքունիքի մասնաճյուղի տնօրեն Արմեն Եդոյանը:

«Ցարական կառավարության օրոք, ըստ արխիվային փաստաթղթերի, Սեւանի ավազանում կար կառավարական հատուկ զորաջոկատ, որը խստիվ հսկում էր ձկնարդյունաբերության  եւ ձկնաբուծության հետ կապված գործընթացները եւ կարգուկանոնը: Այսպես, ձվադրության շրջանում ոչ միայն խստիվ արգելվում էր ձկնորսությունը լճում եւ լիճ թափվող գետերում, այլ նաեւ՝ եկեղեցու զանգերի քաշումը, որպեսզի նրանց ղողանջները չխրտնեցնեին ձվադրման գնացող վտառները:

Արգելվում  էր ձկնորսությունը գիշերային ժամերին, իսկ սահմանված չափսերից փոքր ձուկ որսացողներին  եւ վաճառողներին քրեական խիստ պատիժ էր հասնում: Իհարկե, եղել են նաեւ ժամանակներ, երբ զինված բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի եւ տարբեր բնակավայրերի ձկնորսների միջեւ»,-ներկայացրեց զեկուցողը: Ըստ Մանյա Չարվադարյանի՝ թե ցարական, թե Հայաստանի Առաջին Հանրապետության , թե խորհրդային իշխանության օրոք իշխանությունները մտահոգված են եղել ոչ միայն արդյունագործական ձկնորսության կանոնակարգմամբ, այլ նաեւ՝ ձկան վերարտադրության խնդիրներով:

Բանախոսը ներկայացրեց նաեւ Սեւանի հռչակավոր ձկնորսներին, որոնց շնորհիվ լճից որսված հարյուր հազարավոր տոննաների ձուկը բարձրորակ սնունդ է ծառայել  տեղացիների,  ողջ Հայաստանի ու շրջակա երկրների բնակչության համար:

Հատկապես բանախոսը փառաբանեց Նորատուսցի հռչակավոր ձկնորս Վանո Հակոբյանին, ով տասնամյակներ շարունակ աշխատել է ձկնարդյունաբերության ոլորտում, ունեցել 10 զավակ, որոնցից  6-ը շարունակել են իրենց հոր գործը: Ակնածանքով հնչեցվեցին նաեւ ձկնարդյունաբերության  եւ վերարտադրության մեջ աչքի ընկած մի շարք անուններ՝ Ավետիք Նանագուլյան, Գեւորգ Հակոբյան, Սաշա Մելքոնյան, Էլվիրա Կարոբկա, Ռազմիկ Չիչակյան, այլ հայտնի դեմքեր: Անշուշտ, այդ տարիների ընթացքում  Սեւանի անսանձ տարերքը նաեւ շատ մարդկային կյանքեր է խլել:

«Ցավոք, այն ձկնորսները, ովքեր չեն պահպանել անվտանգության կանոնները կամ ցուցաբերել են անզգուշություն, զոհ են գնացել Սեւանի քմայքներին:Դժբախտաբար, դրանց թիվն անցած 187 տարիների ընթացքում, ինչ Սեւան ավազանը վերաբնակեցվել է Արեւմտյան Հայաստանի հայ ընտանիքներով, մի քանի հարյուրների է հասնում»,-նշեց Մանյա Չարվադարյանը:Թեմայի շուրջ իրենց տպավորություններով կիսվեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, կինոռեժիսոր Գրիգոր Բիձյանը, դասախոս Համլետ Ղաջոյանը, այլ ունկնդիրներ:«Սա ոչ միայն ժամանակներին պահ տալու արժանի պատմություն  է, այլ նաեւ ներկա սերնդի համար ուսանելի դաս, թե ինչպես է պետք վերաբերվել Սեւանի ձկնաշխարհի պահպանությանը, վերարտադրությանը եւ արդյունագործական ձկնորսության կազմակերպմանը»,-ամփոփեց զեկուցողը: