Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե ինչու օրինապահ հարկ վճարողների հավաստագիր չեն ստանում «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող ընկերությունները: «Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք որոշակի կրիտերիաների համապատասխան են գործում: Ձեր թվարկած ընկերությունները միգուցե որոշ կրիտերիաներով չեն բավարարել, դրա համար էլ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ չեն ստացել»,-ասաց Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ նման կարգավիճակ ստացած ընկերություններն այդ գործընթացով անցել են անաչառ վերլուծությունից հետո:
 
Շատերը Գագիկ Ծառուկյանի գրասենյակներում ՊԵԿ զանգվածային ստուգումները համարեցին վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանը՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքից իր հասցեին հնչող սուր քննադատություններին: Այժմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի շուրթերով կառավարությունը ջանում է ցույց տալ, որ այդ ստուգումները ընթացիկ էին, պլանավորված դեռևս 2016 թվականին և քաղաքական ինտրիգներ այստեղ փնտրել՝ նշանակում է զուր վատնել ժամանակը: Սակայն, Վարդան Հարությունյանի այս հայտարարությունը բավական երկիմաստ տպավորություն է թողնում այն առումով, որ, մի կողմից՝ նա ակնհայտ կերպով ցանկանում է նվազագույնի հասցնել ՊԵԿ կողմից ծավալած ստուգումների հնարավոր քաղաքական ենթատեքստը, մյուս կողմից էլ՝ բացահայտ մեսիջ է հղում, որ Ծառուկյանի ընկերություններն, ամեն դեպքում, «օրինապահ հարկ վճարողի որոշակի կրիտերիաների չեն համապատասխանում», այդ իսկ պատճառով համալրել են ռիսկայինների ցանկը:
 
Գաղտնիք չէ, որ օրինապահ հարկ չվճարողները նրանք են, ովքեր պետությունից հարկ են թաքցնում, հետևաբար, Վարդան Հարությունյանի այս հայտարարությունը կարելի է դիտարկել ուղղակի մեղադրանք Գագիկ Ծառուկյանի հասցեին: Մի մարդու, ով առիթը բաց չի թողնում շեշտելու, որ ինքը դաշտում մաքուր է խաղում, սեփական ժողովրդից լումա անգամ չի վերցրել, և որ 2015 թվականի փետրվարյան դեպքերից հետո հարկային մարմինների ծավալած ստուգումների արդյունքում իրեն պատկանող ընկերություններում այդպես էլ խախտումներ չեն արձանագրվել: Այժմ, սակայն, Հարությունյանը հայտարարում է, որ Ծառուկյանի բիզնեսը հեռու է օրինապահի կարգավիճակից: Ընդ որում՝ ռիսկային ընկերությունների ցանկում են հայտնվել ոչ միայն ԲՀԿ առաջնորդի, այլ նաև Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ»-ը, թեև Պողոսյանը, ի տարբերություն Ծառուկյանի, երբեք էլ չի բարձրաձայնել մաքուր և խաղի կանոնների սահմանում գործելու իր պատրաստակամության մասին: Գուցե ՊԵԿ-ի կողմից ռիսկային ընկերությունների ցանկում Հակոբյանի «Ալեք Հոլդինգը»-ը ներառելը հնարամիտ քա՞յլ էր, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե «հարկային տեռորի» թիրախում հայտնվել է միայն Գագիկ Ծառուկյանը:
 
Ինչևէ, հավաստի տեղեկություններ կան, որ ՊԵԿ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, հետևաբար, ճիշտ կլիներ վերջնական արդյունքների մասին խոսել դրանց ավարտից հետո: Մի բան ակնհայտ է՝ որքան էլ ՊԵԿ-ը ցանկանա ապաքաղաքականացնել այս գործընթացը, ակնհայտ է, որ մենք ականատես ենք լինում «մեղմ պրեսսինգի»քաղաքականությանը, որտեղ կողմերը փորձում են հասկանալ, թե ինչպիսին կլինի Գագիկ Ծառուկյանի ռեակցիան՝ այս կամ այն քայլից հետո: