Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների զինվորական գրքույկներում զինկոմիսարիատների կողմից մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չանելու մասին բոլոր դժգոհությունները պաշտպանության նախարարությունը ստուգել է և կատարել համապատասխան ուղղումներ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այդ խնդրի ի հայտ գալուն պես մեր կողմից անմիջապես տարածվեց հայտարարություն և պաշտպանության նախարարության թեժ գիծը, ստանալով բազմաթիվ զանգեր, յուրաքանչյուր դեպքի հետևից գնացել է, ինչի արդյունքում մենք պարզել ենք, որ ընդամենը մեկ տասնյակից ավել դեպքերում են եղել անճշտություններ: Բոլոր դեպքերով ընդունվել է որոշում և կատարվել են ուղղումներ»,-ասաց նախարարը:
Նախարարը հավելեց, որ բացի դրանից բոլոր այն տղաներին, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին մարտական գործողություններին չեն մասնակցել, սակայն այդ օրերին եղել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, տվել են նույն կրթական արտոնությունները, որոնք ունեն մարտական գործողություններին մասնակցած երիտասարդները: