Գյումրիում հոկտեմբերի 18-ին բացվեց Ինֆոտուն: Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագրում նախատեսվում է պետական աջակցություն՝ ՀՀ մարզերում առնվազն 4 զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ստեղծման համար: Ծրագիրն իրականացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանում արդեն գործում են 7 տեղեկատվական կենտրոններ, սակայն զբոսաշրջության պետական կոմիտեի ստեղծումից հետո Գյումրու կենտրոնն առաջինն է՝ հատուկ չափանիշների հիման վրա ստեղծված: «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնական նպատակն է մարզերում, քաղաքներում հատուկ ծառայություններ մատուցել անհատ զբոսաշրջիկներին:
Երբ խմբերով են գալիս զբոսաշրջիկները, ամեն ինչ պայմանավորված է, բայց անհատ զբոսաշրջիկի համար մի փոքր դժվար է՝ կարդում են գալիս, բայց հետո չգիտեն ո՞ւր գնալ, ի՞նչ անել»,-նշեց Զարմինե Զեյթունցյանը՝ փաստելով, որ հենց նման կենտրոններն են օգնելու զբոսաշրջիկին:
Տեղեկատվություն կտրվի ամեն ինչի մասին՝ գիշերակացից մինչև տրանսպորտային միջոցի, կամ առողջական խնդիրների դեպքում: Կենտրոնում կա քաղաքում գործող բոլոր ռեստորանների, հյուրանոցների, ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների, ուղեկցորդների մասին և այլ տեղեկատվություն: «Հետագայում նպատակ կա այս կենտրոնները վերածել մարզային զբոսաշրջության զարգացման կենտրոնի: Այս կենտրոնը հետագայում «կսնի» զբոսաշրջության հիմնադրամին այն տեղեկատվությամբ, որը մենք հետո կօգտագործենք Հայաստան տուրիստներ ներգրավվելու համար»,-ավելացրեց Զարմինե Զեյթունցյանը:
Կենտրոնի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Հյուրերին ներկայացվեց նաև Դիջիթըլ Փոմիգրնըթ ընկերության կողմից ստեղծված «Վիզիթ Գյումրի» հավելվածը, որի շնորհիվ կարելի Է աշխարհի ցանկացած վայրում մանրամասն ինֆորմացիա ստանալ Գյումրու մասին: Գյումրի կատարած այցի շրջանակներում հոկտմեբերի 18-ին կենտրոնի աշխատանքներին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Արմենուհի Մխոյան